ԻՏԱԼԻԱ
ԻՆՉՈՒ ԵՆ ՄԻՐԳԸ ՊԱՀՈՒՄ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐՈՒՄ
Իտալիայի հյուսիսում բնակվող ֆերմերները, որոնք խնձոր են աճեցնում, օգտագործում են բնական սառնարաններ, որոնք գտնվում են սարի լանջին: Դրանք շատ նպատակահարմար են բերքը պահելու համար, քանի որ այնտեղ միջավայրն այնպիսին է, որ բոլոր եղանակներին ջերմաստիճանն անփոփոխ է մնում:
Պրեդայայում, որը փոքր քաղաք է Տրենտինոյի շրջանում, ընկերություններից մեկը պտղատու այգիների տակ՝ երեք հարյուր մետր խորությամբ, 34 սառնարանային տարածք է ստեղծել հսկայական քարանձավներում: Այնտեղ կարողանում են պահել բերքի 12-13 %-ը և կրճատել էներգիայի ծախսերը:
Քարանձավների սառնարանային տարածքների ներսում խնձորը պահում են պլաստմասսե տուփերում և տեղափոխվում բեռնատար մեքենաներով: Այս նախաձեռնության շնորհիվ հնարավոր է լինում հասնել էլեկտրաէներգիայի 32 տոկոսի խնայողության:
Լորիս Կալիարի (խնձորի այգու ֆերմեր) - Բերքահավաքը սկսել ենք մի քանի օր առաջ, այն կշարունակվի առաջիկա 30-40 օրվա ընթացքում, և երբ ամբողջ բերքը հավաքվի, այն կպահվի այստեղից մոտ 500 մետր հեռավորությամբ գտնվող քարանձավներում՝ ամբողջ ձմեռ, իսկ հետո կվաճառվի կլոր տարին:
Կալիարին խոստովանում է, որ սկզբում իրենք մի փոքր թերահավատորեն են վերաբերվել այդ գաղափարին, սակայն արդյունքը շատ արագ օգնել է իրենց մտափոխվել և հավատալ մտահղացման արդյունավետությանը:
ԻՐԱՔ
ԻՐԱՔՑԻՆԵՐԸ ԲՈՒԺՎՈՒՄ ԵՆ ԾԾՄԲԱՋՐԻ ԼՃԱԿՈՒՄ
Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ ընկած Համամ ալ-Ալիլ բնակավայրում մարդիկ կրկին հավաքվում են քաղաքի համանուն հասարակական բաղնիքում՝ հոդերի կամ մկանային ցավերի, նաև մաշկի որոշ հիվանդությունների բուժման նպատակով:
Հասարակական բաղնիքում ծծմբաջրով լցված լճակը, որը սովորաբար արաբերենով կոչվում է «համամ», տեղի անձնակազմի կարծիքով, օգտակար է առողջական որոշակի խնդիրների դեպքում:
Յունես Ահմեդ Մոհամեդ (հասարակական բաղնիքի բուժական բաժնի աշխատակից) - Այս լճակում լոգանք ընդունելն օգտակար է հոդերի, մաշկի ալերգիկ խնդիրների համար: Ջրի ջերմաստիճանն այստեղ հասնում է 52-ի՝ ըստ Ցելսիուսի, մինչդեռ այն աղբյուրներից, որտեղից հատուկ պոմպերի օգնությամբ ծծմբաջուրը հասնում է մեր համամ, 70 աստիճան է:
Աղբյուրը շրջապատող շենքը, որը ժամանակին կառուցված էր հասարակ քարե աղյուսներից, տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանորոգվել էր, մինչև այն մեծապես վնասվել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պատերազմի ժամանակ և լքված մնացել:
Այս տարվա հունիսին համամը վերականգնվել է և արդիականացվելուց հետո վերաբացվել հանրության համար:
Կանայք և տղամարդիկ իրենց առանձին բաժիններն ունեն համամում և միասին լոգանք չեն ընդունում:
ԱՄՆ
ԿԻՆՈԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՏՆԻ «ՀՈԼԻՎՈՒԴ» ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է
Կիոնաշխարհի ամենահայտնի խորհրդանշաններից մեկը՝ «Հոլիվուդը», իր ստեղծման 100-ամյակին ընդառաջ մի լավ ներկում են սպիտակ ներկով:
ԱՄՆ կինոարդյունաբերության աշխարհահռչակ խորհրդանշանի՝ ինը տառով ցուցանակը ներկելու աշխատանքներն սկսվել են այն բանից հետո միայն, երբ հաստատվել է ներկանյութի կատարյալ գույնը:
Ջեֆ Զարինամ (Hollywood Sign Trust-ի նախագահ) - Մենք այսօր հաստատել ենք ներկի գույնը: Սկզբում նմուշ ենք պատրաստել՝ պարզելու համար, թե որքան լավ է այն համապատասխանում արդեն գոյություն ունեցող ներկին: Համոզվելուց հետո, որ ստացել ենք կատարյալ գույնը: Հրահանգեցի, որ սկսեն ներկելու աշխատանքները:
Ընդհանուր առմամբ, Հոլիվուդի այցեքարտը ներկելու համար կպահանջվի 400 տուփ ներկ: Բացի դրանից՝ ժանգոտման դեմ համապատասխան նյութ կփչեն տառերի վրա: Աշխատանքներին օրական մասնակցում է 5 հոգանոց խումբ: Նրանք միաժամանակ երկու տառի վրա են աշխատում:
Մասնագետները փաստում են, որ այս ներկը որակապես շատ ավելի բարձր է, տառերը կպաշտպանի ուլտրամանուշակագույն ճառագայթներից և անձրևից: Վերջին անգամ «Հոլիվուդ» ցուցանակը ներկվել էր 10 տարի առաջ, ու որոշում կայացվել, որ այսուհետև 10 տարին մեկ այն պետք է թարմացվի: Աշխատանքները նախատեսում են ավարտել նոյեմբերի 15-ին:
ԻՐԱՔ
ՄՈՍՈՒԼՑԻ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ «ՎԵՐՍՏԵՂԾԵԼ Է ԱՅՆ, ԻՆՉ ՔԱՆԴՎԵԼ Է»
Իրաքցի քանդակագործ Խալեդ ալ-Աբադին ցավով է հիշում, թե ինչպես էին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները ոչնչացնում իր հայրենի քաղաք Մոսուլում գտնվող պատմական արձաններն ու արտեֆակտները: Նա դեռ այն ժամանակ խոստացել էր վերականգնել կորցրածը:
Այժմ՝ զինյալներից քաղաքը ազատագրելուց ու մաքրելուց մի քանի տարի անց, Աբադին հպարտորեն քայլում է իր ստեղծած մի շարք որմնանկարների կողքով, որոնք պատկերում են տեսարաններ քաղաքի հարուստ պատմությունից:
Խալեդ Ալ-Աբադի (քանդակագործ) - «Իսլամական պետության» ժամանակ, երբ ես և իմ գործընկեր Օմարը շրջում էինք քաղաքում, տեսնում էինք քանդվող արձանները: Այդ տեսարանը մեզ մեծ ցավ ու անհանգստություն էր պատճառում: Հույս ունեինք քաղաքի ազատագրումից հետո վերստեղծել ամեն ինչ, ու, փառք Աստծո, դա մեզ հաջողվեց: Այժմ վայելում ենք այս ամենը:
Հին Նինվեի ասորական կայսրությունից մինչև «Իսլամական պետության» կողմից Մոսուլի գրավումը. այս տեսարանները կոչված են հիշեցնելու իրաքցիներին և ապագա սերունդներին պատմական իրադարձությունների մասին, որոնք ապրել են այդ շրջանի բնակիչները:
Բակը, որտեղ ցուցադրված են որմնանկարները, գտնվում է հին Մոսուլում՝ քաղաքի մի հատվածում, որը մեծապես տուժել է «Իսլամական պետության» դեմ պատերազմից։
Աբադին այս վայրում պատրաստել է մոտ 20 որմնանկար, բացի դրանից՝ քանդակներ է տեղադրել քաղաքի ամբողջ տարածքում:
ՃԱՊՈՆԻԱ
ՇՆԵՐԻՆ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ՏԱՆԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՅՐ
Ճապոնիայում շուն պահելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ընտանի կենդանիներին սովորաբար թույլ չեն տալիս տանել ռեստորաններ կամ սրճարաններ, իսկ հասարակական տրանսպորտով տեղափոխելու համար հարկավոր է դրանց խնամքով թաքցնել տեղափոխման համար նախատեսված պայուսակներում:
Մինչդեռ Տոկիոյի մերձակայքում գտնվող Կավասակիի գրասենյակում աշխատակիցներին խրախուսում են իրենց հետ աշխատավայր բերել ընտանի կենդանիներին, եթե ունեն: Գործատուները համոզված են, որ դա կարող է նպաստել աշխատանքի որակի բարձրացմանը:
Մայումի Ինուե (գրասենյակի աշխատակից) - Ինձ հետ գրասենյակ գալով՝ իմ շունը կարող է շփվել նաև այլ աշխատակիցների շների հետ: Ահա թե ինչու ինձ հետ աշխատավայր գալը նպաստավոր է ոչ միայն ինձ, այլև կենդանուս համար:
Կորոնավիրուսի համաճարակից հետո, երբ շատ գրասենյակներ սկսեցին մասնակիորեն հրաժարվել հեռավար աշխատելուց, հարց առաջացավ, թե աշխատակիցներն ինչ անեն իրենց սիրելի չորքոտանի բարեկամներին, որոնց հիմնականում ձեռք էին բերել հենց համավարակի օրերին՝ տանը մնալիս իրենց միայնակ չզգալու համար: Ահա թե ինչու նրանց աշխատավայր բերելու թույլտվությունը հրաշալի լուծում կարող է լինել կենդանասեր ճապոնացիների համար, որոնք մեծ հաճույքով են աշխատում իրենց կենդանիների ընկերակցությամբ:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՇԱՔԱՐԱՅԻՆ ՍԿԱՎԱՌԱԿՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՎԻՆԻԼԱՅԻՆԻՆ
Մեծ Բրիտանիայում գործող Evolution Music ընկերությունից հայտնում են, որ հրաշալի նորություն ունեն այն երաժիշտների համար, որոնք մտահոգված են շրջակա միջավայրի պաշտպանությամբ: Այսուհետև վինիլային սկավառակներին կարող են փոխարինելու գալ շաքարային հիմքով պատրաստված սկավառակները: Արդյունքը կլինի նույնը, սակայն առանց թունավոր քիմիական նյութերի օգտագործման:
Նոր սկավառակների պատրաստման համար նոր գործարաններ հիմնելու և սարքավորումներ գնելու կարիք չի լինի: Վինիլային սկավառակներ պատրաստելու համար նախատեսված գործարաններում շատ հանգիստ հնարավոր է պատրաստել շաքարային հիմքով ստեղծված ձայնային սկավառակներ:
Մարկ Քերի (Evolution Music-ի գործադիր տնօրեն) - Մենք 4 տարի ենք աշխատել այս մտահղացումը կյանքի կոչելու համար: Մեր՝ այսպես կոչված բաղադրատոմսում օգտագործում ենք բացառապես օրգանական նյութեր: Այն, ինչ ստացել ենք, բացառիկ է, սակայն կատարելագործվելու կարիք միշտ էլ ունենք:
Որքան էլ զարմանալի է, չնայած աշխարհը գնում է թվայնացման և ցանկացած երաժշտություն հնարավոր է գտնել համացանցում ընդամենը վայրկյանների ընթացքում, դեռևս կան մարդիկ, որոնք նախընտրում են երաժշտություն լսել ձայնասկավառակների միջոցով: Շաքարային հիմքով պատրաստված այս սկավառակները հրաշալի այլընտրանք կարող են լինել նման նախասիրությունների տեր երաժիշտների և երաժշտասերների համար:
ԼԻՏՎԱ
ՀԱՄԵՐԳ ԵՐԿՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԿԵՏԻՑ
Լիտվական Subtilus երաժշտական խումբը ելույթ է ունեցել երկրի ամենաբարձր կառույցի գագաթին մոտ գտնվող հարթակի վրա: Հանդիսատեսը, իհարկե, փոքրաթիվ է եղել՝ ընդամենը 50 հոգի է այն լսելու հնարավորություն ունեցել, սակայն համերգը շատ լավ է անցել:
Խումբը ելույթ է ունեցել Վիլնյուսի հեռուստաաշտարակի վրա, որ գետնից բարձր է 170 մ: Այն խորհրդային ժամանակաշրջանի կառույց է:
Հաջորդ տարի նշվում է Վիլնյուսի հիմնադրման 700-ամյակը: Այս համերգով մեկնարկել է տոնակատարությունների շարքը:
ԷԿՎԱԴՈՐ
ԳԱԼԱՊԱԳՈՍ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ ՄԱՐՋԱՆՆԵՐ ԵՆ ՏՆԿՈՒՄ
Էկվադորի Գալապագոս ազգային պարկը փորձարկում է մարջանների վերատնկման տարբեր մեթոդներ՝ հինավուրց կղզիների շուրջ փորձելով վերականգնել փխրուն ստորջրյա կենսահամակարգերը: Կորալյան խութերի ոչնչացումը բացասաբար է ազդում ծովային սննդի մատակարարման շղթայի վրա:
Հարրի Ռեյես (Գալապագոս ազգային պարկի աշխատակից) - Այս մարջանները կարևոր են, քանի որ դրանք օվկիանոսի վերամշակողներն են: Դրանք ամբողջ CO2-ը վերածում են թթվածնի: Այս մարջանները կարևոր են, քանի որ դրանք որոշ ձկնատեսակների համար ապաստարաններ են: Մարջաններն օգնում են կենսահամակարգին: Բացի դրանից՝ նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, քանի որ շատերը հենց կորալյան խութերը տեսնելու համար են այցելում այս կամ այն վայր ու սուզվում ջրի հատակը:
Փորձարարական նախագիծը Սանտա Կրուս կղզու մի ծոցում վարում են ազգային պարկի պահակները և կամավորները՝ Գալապագոսի պահպանության կազմակերպության աջակցությամբ:
2020 թվականից նրանք փորձարկել են, թե ինչպես է մարջանը վերարտադրվում, երբ այն տեղադրվում է տարբեր մակերեսների վրա, ինչպիսիք են աղյուսները, ցեմենտը: Նմուշներն աճեցնում են, այսպես կոչված, տնկարաններում՝ նախքան դրանք ծոց տեղափոխելը:
Նախագիծը բարեհաջող ընթացք ունի, քանի որ, մասնագետների հավաստմամբ, նույնիսկ տնկարանների մոտ մարջանների շնորհիվ նոր ձկներ ու անողնաշարավորներ են հայտնվել: