Հոլոգրաֆիկ մակնշումը՝ տեղական կամ ներմուծված, որ հիմա կարելի է տեսնել խանութում վաճառվող շատ ապրանքների վրա ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների համար, առաջիկայում փոխվելու է։ Բանն այն է, որ Հայաստանն անցնում է ԵԱՏՄ ընդհանուր կարգավորման, որի պահանջով՝ հունվարի 15-ի՝ սիգարետի տուփերին, փետրվարից էլ՝ ալկոհոլի շշերին նոր՝ այնպիսի դրոշմապիտակ պետք է փակցվի, որ ապրանքը տեղական շուկայում սպառվի, թե արտահանվի ստանդարտ սքանավորման միջոցով վերահսկելի դառնա։ Դրանք նման կլինեն ԵԱՏՄ-ում արդեն կիրառվող QR կոդավորմամբ դրոշմանիշերի՝ տնտեսվարողներին տեղեկացնում են Պետեկամուտների կոմիտեի հետ այդ գործընթացը կազմակերպող Դրոշմավորման ազգային օպերատորի գրասենյակից։
Լևոն Բաբայան («Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ընկերության փոխտնօրեն) - Ալկոհոլի դեպքում դա լինելու է տպագրված դրոշմապիտակ, որը փակցվելու է շշի վրա, իսկ ծխախոտի դեպքում պետք ա տուփի անբաժան մի մաս լինի՝ լազերի կամ պրինտի միջոցով պետք ա տուփի վրա փակցվի, որ հնարավոր չլինի տուփից պոկել:
Ըստ Բաբայանի՝ տեղական արտադրողն ու ներմուծողները միասին, երկրում այժմ ծխախոտի՝ 21, 250-ի կարգի էլ՝ սպիրտային խմիչքների բիզնեսով զբաղվող տնտեսվարող ունենք, որոնց հետ պիլոտային ծրագրով սկսել են նորամուծությունն ապահովելու տեխնիկական լուծումներ փնտրել։ Հավանաբար հոկտեմբեր-նոյեմբերից փորձնական դրոշմապիտակ կտան՝ տեսնելու՝ ինչպես են գործը գլուխ բերում․ եթե շշերին դեռ հնարավոր է դրանք ձեռքով փակցնել, ծխախոտի դեպքում կարծես, առանց մակնշման նորագույն սարքի աշխատել հնարավոր չի լինի։
Լևոն Բաբայան - Ալկոհոլի դեպքում անում ենք ամեն ինչ, որ կարողանան կիրառել բոլոր էն մեխանիզմներն ու հաստոցները, որով դրոշմապիտակները փակցնում են, ծխախոտի դեպքում՝ վերազինումը պարտադիր է լինելու:
Մակնշող նոր հաստոցներն արժեն առնվազն 100 հազար դոլար։ Մեկնարկող գործընթացը, որ մի շարք բիզնեսների համար լրացուցիչ ծախս կավելացնի, պետությանը հնարավորություն է տալու բառացիորեն զրոյացնել ստվերը, քանի որ դրոշմապիտակը հստակ, չկրկնվող, բացառիկ կոդավորում է ունենալու, այլևս տարբերակ չի լինի, գործարար հնարամտությանը զոռ տալով՝ նույն մակնշումը փակցնել, ասենք՝ տարբեր խանութներ առաքվող խմբաքանակների վրա։ Վաճառքի փուլում ՊԵԿ համակարգը կարողանալու է ֆիքսել խախտումը։
Լևոն Բաբայան - Այս պահին վերահսկողությունը կատարվում է միայն դրոշմապիտակը փակցնելիս, նոր եղանակով վերահսկողությունը իրականացվելու է ինչպես փակցնելիս, այնպես էլ վաճառելիս, որովհետև սքանավորվելու ա էդ կոդը, կոպիտ ասած՝ ապրանքը հատի ճշտությամբ վերահսկողություն ա սահմանելու Հայաստանի շուկայում։ Պետք ա համընկնել և դրոշմավորված ա ապրանքների քանակը և վաճառվածը:
Դրոշմավորման նոր կարգը պարտադիր է լինելու առայժմ միայն ծխախոտի ու ալկոհոլի համար, մյուս ապրանքների դեպքում դեռ չի կիրառվելու՝ բիզնեսին տեղեկացնում են ՊԵԿ-ից, հորդորում՝ տեխնիկապես պատրաստվել դրան։
Նաև վստահեցնում են՝ պահանջը երբ ուժի մեջ մտնի, խանութ-ներմուծող թե արտադրող, տնտեսվարողները ժամանակ կստանան հին ձևով արդեն իսկ մակնշված ապրանքը վաճառել-սպառելու համար։