Եզդիաբնակ Ֆերիկում նախակրթարան բացվեց: Գործադիրը 7 մլն 800 հազար դրամ է հատկացրել, իսկ մասնավորը կահավորել է նախակրթարանը, ուսումնական գույք ու գրենական պիտույքներ ձեռք բերել. կհոգա նաև ընթացիկ ծախսերը:
Ռոման Սլոյան (բարերար) - Շատ ուրախ եմ, որ մեր երեխաներն արդեն կունենան ուսում, դա սրտիս ամենամեծ ցանկությունն է եղել, որ եզդի երեխաները կրթվեն:
Նախակրթարանը ֆերիկցիների համար երազանք էր. երեխաները կկտրվեն փոշոտ փողոցներից, կկրթվեն, վարվեցողության դասեր կառնեն նոր միջավայրում: Տանն ու դրսում փոքրիկները հիմնականում եզդիերեն են խոսում, դպրոց գնալիս դժվարանում են շփվել ուսուցիչների հետ: Նախակրթարանը կօգնի, որ եզդի երեխաները ոչ միայն վարժ խոսեն, այլև կարդան ու գրեն հայերեն:
Ամար Մամոյան - Իմ երեխան նախքան դպրոց գնալը լեզվի հետ խնդիր չի ունենա՝ հայերեն կսովորի, նաև գումարել, հաշվել մինչև դպրոց գնալը, իր համար հեշտ կլինի:
Եզդի մանուկների կրթությունն ու դաստիարակությունը վստահել են հարևան համայնքից Մանիկին: Լեզվական անջրպետը չի վախեցնում երիտասարդ մանկավարժին: Նա վստահ է՝ մինչև հաջորդ ուսումնական տարի կազմ ու պատրաստ երեխաներ կճանապարհի առաջին դասարան:
Մանիկ Հարությունյան (դաստիարակ) - Լեզվական խնդիրները կվերացնեմ: Սովորեցնելու եմ տառերը, թվերը, ծանոթություն շրջակա աշխարհին, ինքնուրույն լինել:
Նախակրթարանը տեղակայված է դպրոցի մասնաշենքերից մեկում: Դա ևս կնպաստի, որ երեխաները շուտ ինտեգրվեն կրթական միջավայրին: Թեև Ֆերիկում նախադպրոցական տարիքի ավելի քան երկու տասնյակ երեխա կա, բայց նախակրթարան են հաճախում 9-ը:
Նարինե Ֆարֆարյան (Ֆերիկի դպրոցի տնօրենի պաշտոնակատար) - Այստեղ էլ աշխատանք ունենք, պետք է այնպես անենք, որ գոնե 1 տարի հաճախեն նախակրթարան, դա պետք է հիմք լինի դպրոցից առաջ: Պետք է խթանենք, որ ցանկություն լինի հաճախել դպրոց:
Ֆերիկը փոքր բյուջե ունեցող համայնք է: Չի խոշորացվել՝ ազգային փոքրամասնությամբ բնակեցված լինելու պատճառով: Սուղ հնարավորություններով գյուղին օգնելու համար կառավարությունը գիշերային լուսավորություն է անցկացրել սուբվենցիոն փաթեթով:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Ընդ որում՝ իր միջոցներով հայտ չի ներկայացրել, մարզպետարանն է առաջադրել, որ Ֆերիկը պետք է անպայման սուբվենցիայից օգտվի: Աշխատանքներն ավարտված են, բայց համայնքն իր մասնաբաժինը փոխանցելու հնարավորություն չունի: Միջոցներ ենք փնտրում, որ կարողանա իր մասը փոխանցել:
Մինչև ղեկավարները պարտք մնացած գումարը հայթայթելու ուղիներ են փնտրում, եզդիաբնակ գյուղում նոր պահանջներ են ներկայացնում՝ առօրյան հետաքրքիր դարձնելու համար:
Անահիտ Շառոև (Ֆերիկի բնակիչ) - Ունենանք ազգային երգ ու պար, թատրոն, սպորտի խմբակ: