ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննությամբ պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու
դեպքի հանգամանքները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերոնշյալ անձինք, 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց տրված իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով, 2022 թվականի օգոստոսին վերջինիս հարկադրել են ընդգրկվել հիշյալ դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդկերպ հարկադրելով նրան հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: