Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, ավելանում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց թիվը, փոփոխվում հոգեկան խանգարումների տարածվածության համամասնությունը:
Հոգեկան առողջության ոլորտի ծառայությունների տրամադրման ձևերի վերանայման, ծառայությունների անընդհատության, փուլայնության, բազմազանության, փոխկապակցվածության, հասանելիության և որակի ապահավման հարցերին է ուղղված եղել պրոֆեսոր Կոնստանտին Դանիելյանի հիշատակին նվիրված «Երեխաների և դեռահասների հոգեկան առողջությունը և զարգացման խանգարումները» առցանց գիտաժողովը, որին մասակցել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Փոխնախարարը կարևորել է նմանօրինակ գիտաժողովների դերն առողջապահական համակարգի թե՛ գիտական, թե՛ պրակտիկ զարգացման գործընթացում:
Նշվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում պետական առողջապահական ծախսերի շուրջ 2,8%-ն ուղղվում է հոգեբուժական բժշկական օգնության ծառայությանը, այդ թվում` նարկոլոգիական բժշկական օգնությանը: Նաև ընդգծվել է, որ 2021 թվականին ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվել է առաջին մանկական հոգեբուժական բաժանմունքը` 12 մահճակալով, ապահովված համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են Հայաստանում հոգեկան խանգարումներով հիվանդացության աճը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնդիրները, ինչպես նաև ոլորտում իրականացվող աշխատանքները: