Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 29-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով գերեվարած անձանց վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար: Էսկալացիայի առաջին իսկ օրերից իրավապաշտպանների խումբը հրատապ միջոց կիրառելու դիմումներ է ներկայացրել Եվրոպական դատարան՝ ապահովելու գերության մեջ հայտնված անձանց կյանքի, առողջության իրավունքներն ու հայրենադարձումը: ՄԻԵԴ-ի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանը մինչև սեպտեմբերի 26-ը ժամանակ էր խնդրել: Ժամանակը դեռ չլրացած՝ ադրբեջանական կողմը դիմել է դատարան՝ մինչև այս հիգշաբթի ժամկետը երկարաձգելու համար:
Արտակ Զեյնալյան (ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ) - Ընդհանուր մեր վստահորդների թիվը 15-ի է մոտենում: Մեր վստահորդներից 3-ի վերաբերյալ որևէ տեսանյութ կամ ապացույց չի եղել նրանց գերի ընկնելու վերաբերյալ, սակայն Կարմիր խաչի միջոցով է հաստատվել նրանց գերեվարման փաստը: Նրանք անհետ կորած են համարվել, ուստի դեռ վաղ է ասել, թե քանի գերի ունենք:
Կախված սեպտեմբերի 29-ի՝ Ադրբեջանի պատասխանից, գուցե հնարավոր լինի հստակ նշել, թե քանի զինծառայող է հայտնվել գերության մեջ, քանիսի ճակատագիրն է դեռևս անհայտ՝ ընդգծում է իրավապաշտպանը: Փաստաբանական խմբի դիմումների հիման վրա դատարանը հարցումներ է ուղարկել Բաքվին: Այս պահի դրությամբ հրատապ միջոց կիրառելու որոշում դեռևս կայացված չէ:
Արտակ Զեյնալյան - Այս միջոցների կիրառումը այնպիսի միջոցառումներ են, որոնք անիմաստ չեն դարձնի վերջնական դատական ակտը: Սա կյանքի իրավունքը ապահովելուն, պաշտպանելուն է վերաբերում: Որ անդառնալի չլինեն փոփոխությունները, ներկայացրել ենք ռիսկերը, որ այնտեղ գտնվելը կյանքին վտանգ է սպառնում: Այդ հիմնավորումների ազդեցության տակ ՄԻԵԴ-ը 2020-ին բազում որոշումներ է կայացրել, հիմա հիմնավորվում են առատ ապացույցներով այդ ռիսկերը:
Իրավապաշտպանի ձեռքի տակ դեռևս չկան խոշտանգման դեպքերի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության տվյալները: Ըստ Զեյնալյանի՝ բացառությամբ հրապարակված մեկ տեսանյութի, այլ ապացույցներ չունեն, լինելու դեպքում պատրաստ են միջազգային ատյաններում հանդես գալ նաև խոշտանգվածների իրավունքների պաշտպանությամբ: