ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի խնդրում ուկրաինացի զինվորականներին «ձեռնպահ մնալ» հարձակումներից, այդ թվում՝ ամերիկյան զենքի կիրառմամբ այն տարածքներում, որոնք հանրաքվեների արդյունքում կարող են դառնալ Ռուսաստանի Դաշնության մաս։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Հրապարակումը վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններին, որոնք հանրաքվեներ են անցկացնում Ռուսաստանին միանալու վերաբերյալ։ ԱՄՆ-ն դա անվանում է Ռուսաստանի կողմից «անեքսիայի» փորձ։
Պարբերականի տվյալներով՝ Բայդենի վարչակազմը ուկրաինացիներին դեռևս չի տրամադրում ATACMS բալիստիկ հրթիռներ՝ մինչև 300 կմ հեռահարությամբ։
ԱՄՆ իշխանությունները պայմանավորվել են Կիևի հետ, որ ուկրաինական ուժերը չեն օգտագործի ներկայումս մատակարարվող HIMARS և այլ հրթիռներ Ռուսաստանի տարածքի վրա հարձակվելու համար:
Սակայն ըստ փորձագետների մի մասի՝ երկու կողմի «սպառնալիքներն ու հակասպառնալիքները» մեծացնում են հավանականությունը, որ էսկալացիան կանխող որոշ «մեխանիզմներ» կարող են ի վերջո չգործել: