ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը CBS հեռուստաընկերության հետ հարցազրույցներում ասել են, որ Վաշինգտոնը Մոսկվային կպատասխանի միջուկային զենքի հնարավոր կիրառման դեպքում։
Երկու պաշտոնյան էլ նշել է, որ Սպիտակ տունը նախազգուշացրել է Ռուսաստանին այդ տեսակի զենքի կիրառման աղետալի հետևանքների մասին և հաստատել, որ Միացյալ Նահանգները «շարունակելու է աջակցել ուկրաինացիներին իրենց երկիրն ու ժողովրդավարությունը պաշտպանելու ջանքերում»:
Միաժամանակ Financial Times-ը տեղեկացնում է, որ Արևմուտքը մշակում է Ուկրաինայում միջուկային զենք օգտագործելու դեպքում Ռուսաստանի դեմ կիրառվելիք միջոցները:
Ըստ թերթի աղբյուրների՝ Ուկրաինայում Ռուսաստանի միջուկային հարվածին հայելային պատասխան չի նախատեսվում: Նրանք նշում են, որ «Մոսկվային պատժելու համար կկիրառվեն սովորական սպառազինություններ, ոչ թե միջուկային»։