Խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրվող արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի, ինչպես նաև հանցավոր այլ արարքների կատարման համար մեղադրվող ևս 12 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Մեղադրյալների թվում կան ԱԻՆ պաշտոնյաներ:
Պարզվել է, որ նախարարության հետ գործակցող ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և ընկերության տնօրենի կողմից նախարարության հարևանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց բարեխոսելու, ինչպես նաև նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու նպատակով Փիլոյանը իր խորհրդականի օժանդակությամբ ստացել է 1 մլն դրամ կաշառք:
Փիլոյանը, առանց օրենքով սահմանված կարգի և փաստաթղթավորման, բանավոր հանձնարարել է նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավարին ապամոնտաժել ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի պահեստի ավելի քան 18 մլն դրամ արժողությամբ գույքը: Այնուհետև նույն ղեկավարը այն տեղափոխել է մասնավոր տարածք և դրա մի մասը վաճառել Սևանի մի բնակչի:
Ապացույցներ են ձեռք բերվել նաև, որ տվյալ անձը իր ծանոթի կողմից կաշառք տալու եղանակով ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին այս տարվա հունվարին հայտնել է նախարարին, որն ընդունել է առաջարկը: Տվյալ պաշտոնում նշանակվելուց հետո նաև օժանդակել է, որ Փիլոյանը ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանա:
Նախարարության մեկ այլ ստորաբաժանման ղեկավար էլ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր ծանոթին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից 960 000 դրամ արժողությամբ ջեռուցման համակարգի տեսքով կաշառք ստանալուն:
Քննությամբ պարզվել է նաև, որ Փիլոյանի հետ մտերիմ՝ նախարարության մեկ այլ աշխատակից, աշխատանքի ընդունելու համար մի շարք անձանցից ստացել է 1700-2500 դոլարի չափով ապօրինի վարձատրություն: Արտակարգ իրավիճակների նախարար Փիլոյանը անազատության մեջ է մարտի 30-ից, կալանավորված է նաև գործով անցնող 12 մեղադրյալներից մեկը:
Քրեական վարույթի նյութերը հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: