Նախ՝ տագնապ, հետո՝ զարմանք, նաև՝ հիացմունք: Սեպտեմբերի 25-ին Հայաստանի երկնքում Starlink արբանյակների շարասյուն երևաց:
Սամվել Մարտիրոսյան (փորձագետ) - Իրենք ամբողջ երկրագնդի վրա ցանց են ստեղծում արբանյակների, որ ամեն տեղ լինի ինտերնետ:
Starlink-ը նոր սերնդի արբանյակային ցանց է, որը նախատեսված է ամբողջ աշխարհում լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովելու համար:
Բանն այն է, որ հրթիռը միանգամից 50-60 արբանյակ է բաց թողնում, դրա համար մենք շարասյուն ենք տեսնում, հետո ընթացքի մեջ առանձնանում են:
Իսկ մեզ համար տեսանելի են, քանի որ թռիչքը համեմատաբար ցածր է:
Արբանյակները շատ ցածր են, մոտավորապես 300-600 կմ բարձրության վրա, դրա համար լավ տեսանելի են ու արագ են շարժվում:
Այժմ ընկերությունն ավելի քան 2,3 հազար նման սարք ունի՝ ավելի քան կես միլիոն ակտիվ բաժանորդներով: Ի սկզբանե նախատեսվում էր գործարկել 12 հազար Starlink արբանյակ, սակայն ընկերությունը ևս 30 հազար արբանյակի հայտ է ներկայացրել: Նպատակը՝ Երկիր մոլորակի ցանկացած անկյունում գերարագ ինտերնետ ապահովելն է: Բայց արբանյակների ավելացումը աստղագիտության ոլորտում խնդիրներ է առաջ բերում՝ աստղերը պակաս տեսանելի են դարձել:
Փորձում են արբանյակները սև սարքել, որ չերևան, բայց հիմա դեռ լավ երևում է:
Նենց ա սարքած, որ ինտերնետ կապի անընդհատություն լինի, մեկը գնում ա, մյուսը զբաղեցնում է իր տեղը:
Քիչ չեն նաև ընկնող արբանյակները, պարբերաբար փոխարինվում են նորով՝ նշում է Մարտիրոսյանը և շտապում ավելացնել. քանի որ Սթարլինք արբանյակները փոքր են, ընկելիս վտանգ չեն ներկայացնի:
Ընկնելիս հասցնում ա այրվել, մեզ չի հասնում, շատ-շատ տեսնենք որպես ընկնող աստղ:
Մեր երկնքում ավելի հաճախ կարող ենք տեսնել այսպիսի շարասյուն, շուտով գերարագ ինտերնետ մատակարարող համակարգը հասանելի է լինելու նաև մեր տարածաշրջանում:
Վրաստանն այս տարվա վերջ, Հայաստանն ու Ադրբեջանը՝ մյուս տարվա սկիզբ սկսելու է աշխատել Սթարլինքի ինտերնետը, դրա համար էլ հիմա նաև արբանյակները մեր գլխին են կախում:
Ի դեպ, չնայած Սթարլինքը նախատեսված է օգտատերերին ամենուր գերարագ ինտերնետով ապահովելու համար, բայց կան սև ցուցակում հայտնված երկրներ: Ըստ ցանցի կայքում հրապարակված ծածկույթի քարտեզի` Starlink-ին չեն կարողանա միանալ Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Աֆղանստանի և Հյուսիսային Կորեայի բնակիչները։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան