«Լուրերի» թղթակիցը 34/02 ընտրատեղամասից հայտնում է՝ ժամը 20.00-ին ավարտվել է քվեարկությունը, և սկսվել է ձայների հաշվարկը:
Ընդհանուր առմամբ՝ դիտորդների արձանագրած խախտումները Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան համայնքներում վերաբերել են կուտակումներին և քվեախցիկների ու քվեասենյակների ոչ ճիշտ կահավորմանը:
ՔԿ-ից, ի պատասխան «Լուրերի» հարցման, հայտնել են, որ ժամը 21:00-ի դրությամբ հանցագործության վերաբերյալ հաղորդում չեն ստացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընտրողների մասնակցությունը բարձր է եղել Քաջարան համայնքում:
Ընտրելու իրավունք ունեցող 6112 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 4743-ը, ինչը կազմում է ընտրողների մոտ 78 տոկոսը:
Սիսիան համայնքում 23037 ընտրողից ընտրությանը մասնակցել են 11883-ը, ինչը կազմում է ընտրողների 51.8 տոկոսը:
Հիշեցնենք՝ Քաջարանում պայքարը քաղաքական երեք ուժերի միջև էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որի ցուցակը գլխավորում է Արմեն Առաքելյանը, «Դեպի միասնություն» դաշինքի, որի ցուցակի առաջին համարը համայնքապետ Մանվել Փարամազյանն է և «Հանրապետություն» կուսակցության, որի թեկնածուն Վարդան Գևորգյանն է:
Սիսիանում պայքարն ընթանում էր 7 քաղաքական ուժերի միջև: