Հայաստանում արդեն գործում է կոռուպցիոն գործերի քննության համար ստեղծված մասնագիտացված եռաստիճան հակակոռուպցիոն դատարանը: Առանձին կառույցը քննելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններին ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող գործերը։
Արմեն Հովհաննիսյան (Հակակոռուպցիոն դատարանի դատավոր) - Նույն համազգեստն է, ինչ կրում է առաջին ատյանի դատարանի դատավորը:
Արմեն Հովհաննիսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերով վերանայում իրականացնող դատավոր: Մինչև այդ նա աշխատել է գործադիր, դատական իշխանությունում: Իրավագիտության թեկնածուն դասավանդում է նաև ԵՊՀ-ում: Նորաստեղծ դատարանում նրան մակագրվել է 11 գործ:
Արմեն Հովհաննիսյան - Կոռուպցիոն բնույթի գործերը 4-ն են, այլ գործեր էլ օրենքի ուժով մակագրվում են մեզ, այսինքն՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով վերանայում իրականացնող դատավորներին և դրա հիման վրա նաև այլ գործեր են մակագրվել: Մասնագիտացումների առանձնացումը թույլ է տալիս ավելի որակյալ դատական ակտեր կայացվեն:
Հակակոռուպցիոն առաջին ատյանի 15 դատավորներից 10-ը կքննեն կոռուպցիոն հանցագործություններին առնչվող, 5-ը՝ կոռուպցիոն քաղաքացիական գործեր: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 12 դատավորից 6-ը կքննեն կոռուպցիոն հանցագործություններ, 6-ը՝ կոռուպցիոն քաղաքացիական գործեր: Վճռաբեկ դատարանում առանձնացվել է 10 դատավորի կազմով հակակոռուպցիոն պալատ: Նախնական մոդելը, ըստ արդարադատության փոխնախարարի, կոռուպցիոն գործերի քննության համար Վճռաբեկ դատարանում 2 դատավորի ավելացումն էր, սակայն միջազգային փորձագետների ու դատավորների հետ քննարկումներում որոշել են՝ նպատակահարմար է առանձին պալատի ստեղծումը:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հակակոռուպցիոն դատարանի ենթակայությանն են հանձնվել կոռուպցիոն հանցագործությունների գորրծերը, նաև քաղաքացիական այն գործերը, որոնք պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանությանն են վերաբերում, նաև, ինչը նոր է մեր իրավական համակարգում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերն են, և արդեն բավականին ծանրաբեռնված են մեր նորաստեղծ դատարանները:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա հարուցված քաղաքացիական հայցերով գործերը ևս քննվում են հակակոռուպցիոն դատարանում: Մինչև նշանակումը, դատավորները մի քանի փուլ են հաղթահարել: Գրավորից հետո ԲԴԽ-ում անցել են բանավոր հարցազրույց, տրվել է միջազգային և տեղական փորձագետների խորհրդատվական կարծիքը, վերլուծվել է նրանց բարեվարքությունը:
Խաչիկ Ղազարյան (Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար) - Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը ունի 3 նստավայր՝ Մարալիկի, Ճամբարակի և Վայքի նստավայր: Արա Սարգսյան հասցեում կառուցվողը նախատեսված է հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների առանձնացված գործեր քննող դատավորների համար:
Ակնկալվում է, որ դատական նոր կառույցի գործարկմամբ՝ կնվազի դատարանների ծանրաբեռնվածությունը: Մասնագիտացված դատարանների ստեղծումը նպատակ ունի ապահովել առավել որակյալ արդարադատություն, հնարավոր սեղմ ժամկետում ամփոփել դատաքննությունները:
Գրիգոր Մինասյան - Մասնագիտացված դատարանը գործում է նոր պրոֆեսիոնալ դատավորներով և քննելու է շատ բարդ գործեր, և այսօր, հուրախություն մեզ, ունենք մոդել, որով նույնիսկ հետաքրքրված են եվրոպական առաջադեմ իրավական համակարգեր ունեցող երկրները: Հակակոռուպցիոն շղթան գործում է. ունենք հակակոռուպցիոն դատարան, կոմիտե, ունենք ԿԿՀ, մեխանիզմը ավարտուն է, գործում է, կարճ ժամանակ անց կտեսնենք արդյունքները:
Խաչիկ Ղազարյանի խոսքով՝ նորաստեղծ կառույցի դատավորները ապահովված են համակարգչային տեխնիկայով, գույքային, աշխատանքային բավարար պայմաններով:
Խաչիկ Ղազարյան - ԲԴԽ-ն առաջարկով դիմել է արդարադատության նախարարություն, որ վերաքննիչ դատարանը՝ որպես մասնագիտացված դատարան, առանձնանա, հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի ստեղծում լինի:
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի խոսքով՝ փորձագետների ներգրավամբ այժմ քննարկում են առանձին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նպատակահարմարությունը: Հարցը՝ օրենսդրական նախաձեռնության տեսքով, առաջիկայում կդրվի հանրային քննարկման: