ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ռազմական ոլորտում երկկողմ գործակցության հեռանկարների շուրջ։ Աքարը հերթական անգամ անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Հայաստանի հետ հարաբերությունների հարցում:
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները:
Աբդոլլահիանը զգուշացրել է՝ Թեհրանը վճռական պատասխան կտա տարածաշրջանի աշխարհաքաղաքականության և սահմանների ցանկացած փոփոխությանը:
Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:
ԹԵՀՐԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ. ԻՐԱՆԻ ԱԳՆ
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ափսոսանք է հայտնել Իրանի դեսպանին հավատարմագրումից զրկելու և Կիևում դեսպանատան անձնակազմը զգալիորեն կրճատելու վերաբերյալ Ուկրաինայի որոշման կապակցությամբ:
«Թեհրանը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Կիևը պետք է զերծ մնա երրորդ կողմերի ազդեցությունից, որոնք ձգտում են խաթարել Ուկրաինայի և Իրանի հարաբերությունները»,- նշել է դիվանագետը:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր Իրանի դեսպանին հավատարմագրումից զրկելու մասին։ Կիևը պնդում է, որ ռուսական ուժերն Ուկրաինայի դեմ իրանական արտադրության ԱԹՍ են կիրառել:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԳՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՒ-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ
Թուրքիան կարող է դիտարկել ռուսական Սու-35 կործանիչների գնումն ամերիկյան F-16-երի գործարքի ձախողման դեպքում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը:
ԱՄՆ-ը ավելի վաղ պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով F-35 կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիային դուրս թողնելու մասին։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր ամերիկյան F-16 կործանիչներ գնելու մտադրության մասին։ Հարցը դեռևս պետք է համաձայնեցվի ԱՄՆ Կոնգրեսում:
ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԿԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՆՔ. ՔԱԼԸՆ
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարան չի ճանաչի Ռուսաստանին միանալու հարցով Զապորոժիեում, Խերսոնում, Դոնեցկում և Լուգանսկում նախօրեին մեկնարկած հանրաքվեների արդյունքները:
«Մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս պատերազմում Կիևի կողմից ենք», - ընդգծել է Քալընը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի պատճառով հակամարտությունը կարող է ձգձգվել։
ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ
Բուլղարիան Թուրքիայի հետ ցամաքային սահմանի երկայնքով արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանել և փշալարերով պարիսպ կառուցել, հայտնում է Euronews-ը։ Նման քայլի պատճառն, ըստ երկրի իշխանությունների, Թուրքիայից ապօրինի ներգաղթյալների հոսքն է: Նշվում է, որ վերջին 9 ամսվա ընթացքում սահմանը փորձել է հատել 104 հազար մարդ:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ ՌԴ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ հանցանքը ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ կատարելը համարվում է ծանրացուցիչ հանգամանք:
Փաստաթղթում նշվում է նաև, որ պետական դավաճանության նշանների բացակայության դեպքում կամավոր գերի հանձնվելը կպատժվի առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկմամբ:
Դասալիքները զորահավաքի կամ ռազմական դրության պայմաններում կպատժվեն մինչև 15 տարի ազատազրկմամբ: Ազատազրկում է սահմանվում նաև ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար:
Պուտինի ստորագրած մեկ այլ օրենքով՝ զինվորական ծառայության անցնելու համար պայմանագիր կնքած օտարերկրացիներին պարզեցված ընթացակարգով Ռուսաստանի քաղաքացիություն կտրամադրվի։
ՕԼԱՖ ՇՈԼՑՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցլելել է Սաուդյան Արաբիա և հանդիպել թագաժառանգ Մուհամմադ Բին Սալմանի հետ: Շոլցը հանդիպումներ կունենա նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Կատարում:
Պարսից ծոցի երեք պետությունները նավթի ու գազի խոշորագույն արտահանողներն են աշխարհում։ Շոլցի հանդիպումների նպատակն է պայմանավորվածություններ ձեռք բերել գազի մատակարարման ավելացման մասին: