Ճանապարհը դեպի հայրենիք այս տարի գրավիչ է աշխարհի հայերի համար: Սփյուռքի մեր հայրենակիցները այս տարվա առաջին 6 ամսում ավելի շատ են դիմել Սփյուռքի հարցերի գրասենյակ, քան նախորդ տարիներին: Հայաստան վերադառնալու որոշում կայացնելուն չի խանգարել անգամ մեր երկրի սահմաններին ստեղծված լարվածությունը, մանրամասնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Զարեհ Սինանյան (ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար) - Այս տարի 10 հազարից ավելի մարդ մինչև հունիս ամիսը արդեն դիմել է քաղաքացիության, այն դեպքում, երբ 21 թվականին, 19 թվականին միջին հաշվով 8-9 հազար մարդ էր դիմում ամբողջ տարվա ընթացքում: Մեր գրասենյակ արդեն իսկ օգոստոս ամսվա դրությամբ 13 հազար մարդ է դիմել՝ հայրենադարձությանը վերաբերող տարբեր հարցերով:
Ընդ որում, 13 հազարի մեջ շատերը լիարժեք ընտանիքով են, ինչը նշանակում է, որ հայրենադարձների թիվը էլ ավելի շատ է: Սփյուռքի գրասենյակ հիմնականում դիմում են քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ ստանալու համար, առողջապահական, կրթական, զբաղվածության հարցերով: Օրինակ, գրեթե բոլոր հայրենադարձների երեխաներին կարողացել են նախակրթարան կամ դպրոց տեղավորել՝ անվճար հիմունքներով:
Զարեհ Սինանյան - Այս տարի միայն 70-ից ավելի սիրիահայեր վիրահատական ծառայություններ են ստացել պետությունից՝ անվճար իհարկե: Օրինակ մեր ուկրաինահայ հայրենակիցների համար, որոնք կարիք ունեն ինչ-որ աջակցության և եկել են Հայաստան պատերազմի հետևանքով, մշակել ենք ծրագիր՝ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ, որի արդյունքում 320-ից ավելի ընտանիքներ ֆինանսական փաթեթ են ստացել:
Հայաստանը հետաքրքիր է հիմնականում Սիրիայի, Լիբանանի, այս տարի արդեն Ուկրաինայի ու Ռուսաստանի հայերի համար: Ամենամեծ հոսքն, ի դեպ, Դաշնությունից է: Սինանյանի խոսքով, այս հոսքերն ավելի մեծ կլինեին, եթե չլիներ նախևառաջ 44-օրյա պատերազմը: Այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր, որոնք սփյուռքահայերին հայրենիք կբերեին, չեղարկվեցին:
Զարեհ Սինանյան - Անենք, թե չանենք, մարդիկ գալիս են: Սա մի փաստ է, որը չենք կարող անտեսել, և այդ մարդիկ անպայման, ամենալավ նույնիսկ հանգամանքներում օգնության կարիք ունեն: Հետևաբար եղած պայմանների ծավալներին համապատասխան փորձում ենք աջակցել:
Աշխարհի հայերը չեն միայն, որ տարբեր հարցերով գրասենյակ են դիմում, Ռուսաստանում մոբիլիզացիա իրականացնելու մասին հայտարարությունից հետո սփյուռքի գրասենյակ են դիմում նաև այլազգիներ: Հարցերին պատասխանում են, բայց օտարազգիներին աջակցություն տրամադրելը գրասենյակի պարտականությունների մեջ չի մտնում, չնայած Զարեհ Սինանյանը վստահեցրեց՝ տարբեր գերատեսչություններ պատշաճ զբաղվում են Հայաստան եկած օտարազգիների հարցերով:
Զարեհ Սինանյան - Ուկրաինայի այս ռազմական գործողությունների սկզբից ի վեր այն զանգվածը որ գալիս է Հայաստան՝ ոչ հայ զանգվածը, իրականում բարձրակարգ զանգված է, տիրապետում են մասնագիտությունների, հմտությունների, պետությունից շատ բան չեն էլ ակնկալում, և շատերն էլ մեր արժեքներն են կիսում՝ ազատություն, ժողովրդավարություն, մեզ հանգիստ թողեք աշխատենք` այդ արժեքները:
Հայրենադարձության ամբողջ գործընթացը ավելի սահուն դարձնելու համար Սփյուռքի հարցերով գրասենյակը նախաձեռնել է հայրենադարձության ինտեգրման կենտրոնի ստեղծումը: Այստեղ հայրենադարձը մի գերատեսչությունից մյուսը վազելու փոխարեն մեկ տեղում, մեկ անձից կստանա փաստաթղթային ամբողջ անհրաժեշտ փաթեթը: Նման կենտրոնը միջազգային հաջողված փորձ է, ու եթե մեր երկրում էլ այն բարեհաջող ստեղծվի, Սինանյանը վստահ է` կօգնի ավելի շատ հայերի հայրենիքի ճամփան բռնելու որոշում կայացնել: Գործընկեր հիմնադրամի աջակցությամբ, շենքն արդեն կառուցվում է, հետագայում գրասենյակը կսկսի կադրերի վերապատրաստման աշխատանքը: