Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ ունեցած հանդիպման մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Twitter-ում գրել է «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լավ հանդիպում ունեցա, որի ընթացքում քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցերը: ԱՄՆ-ը շարունակում է կողմերին կոչ անել՝ մասնակցելու խաղաղ գործընթացին, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումներն ու գնահատականները: Փաշինյանը բարձր է գնահատել անձամբ Բլինքենի ջանքերը՝ բանակցային գործընթացին ու երկխոսությանն աջակցելու ուղղությամբ, կարևոր համարել միջազգային հանրության կողմից ադրբեջանական գործողությունների դատապարտման, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, ադրբեջանական կողմում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և հումանիտար այլ խնդիրների ուղղությամբ համարժեք արձագանքի կարևորությունը: Բլինքենն ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը բանակցային ու խաղաղ գործընթացի ուղղությամբ՝ կարևորելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և երկարատև կարգավորման անհրաժեշտությունը՝ այդ թվում ԼՂ ժողովրդի համար:
****
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիային ու դրա հետևանքներին: Վարչապետը կարևոր է համարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա տեղի ունեցած քննարկումներն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունների՝ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ հստակ ու հասցեական դիրքորոշումների արտահայտումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և հետևողական ու շարունակական ուշադրության անհրաժեշտությունը` Ադրբեջանի նոր ագրեսիաները կանխելու համար: Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Անտոնիո Գուտերեշն իր մտահոգություններն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևոր համարել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը:
***
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը կառավարության ղեկավարն ընդգծել է միջազգային հանրության, այդ թվում Եվրոպական միության հստակ ու հասցեական գնահատականների անհրաժեշտությունը՝ ադրբեջանական ագրեսիայի, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման վերաբերյալ: Վարչապետն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներին և քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորման փաստերին: Շառլ Միշելն իր մտահոգություններն է արտահայտել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պահպանման վերաբերյալ և կարևոր համարել տարածաշրջանային խնդիրների` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը: Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը` նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը:
***
Վարչապետ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է նաև Վրաստանի իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, անդրադարձել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: Վարչապետ Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան: