Շիրակի մարզում իրականացվում են պատսպարանների ուսումնասիրման, բարեկարգման և մաքրման աշխատանքներ։
ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից կազմված խումբը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ուղեկցությամբ իրականացնում է բազմաբնակարան շենքերի, մասնավոր տների և նկուղների ուսումնասիրություն:
Լևոն Հովսեփյան (ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փոխգնդապետ) - Թաքստոցների վիճակների ուսումնասիրությունները, մաքրման աշխատանքները նոր չեն սկսվել: Դեռ 2020 թվից, երբ ռազմական դրություն էր, փրկարար ծառայության տնօրենի և ԱԻ նախարարի հրամանով մարզային վարչությունները, մասնավորապես՝ ՇՄ վարչությունը, ենթակա ստորաբաժանումները իրենց սպասարկման տարածքներում պարբերաբար ամեն ամիս իրականացնում են բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, աշխատանքներ:
Սա ԱԻՆ սովորական գործառույթ է, և խուճապի մատնվելու կարիք չկա՝ ասում է փոխգնդապետ Հովսեփյանը։ Ուսումնասիրման և մաքրման աշխատանքներն իրականացվում են պարբերաբար, քանի որ հատկապես բազմաբնակարան շենքերում մարդիկ սովորաբար նկուղները լցնում են շինարարական աղբով, կուտակում են շինանյութ, օգտագործում են որպես պահեստ կամ մառան։
Լևոն Հովսեփյան - Կան նկուղներ՝ բավականին քանակության, որ մաքրման, վերանորոգման, ջրմուղի և կոյուղու գծերի հետ կապված աշխատանքների իրականացման կարիք ունեն։ Նշենք, որ տարեսկզբից մինչև օգոստոս ՇՄ ենթակա ստորաբաժանումների տարածքում իրականացվել է 215 նկուղի ուսումնասիրություն՝ բազմաբնակարան շենքերի տների և շինությունների:
Զուգահեռ, քաղաքացիական նախաձեռնությամբ մաքրվում և բարեկարգվում են նաև մասնավոր թաքստոցներ ու նկուղային տարածքներ, որոնք մասնավոր ընկերությունների են պատկանում։
Աստղիկ Եդիգարյան (Գյումրու Հայորդյաց տան տնօրեն) - Այն, ինչ անում ենք, չենք անում, որ խուճապ առաջանա, նորմալ երևույթ է, որտեղ մարդիկ իրազեկված, պատրաստված են: Այսօրվա իրավիճակից ելնելով՝ մտածեցինք քաղաքացիական նախաձեռնությամբ, բոլոր մասնավոր հաստատությունները և սեփականատերերը դեմ չեն, պարզապես մաքրել, կարգի բերել, Աստված չանի՝ պետք գա, վստահ լինենք, որ որոշակի կարևոր գործ ենք արել:
44-օրյա պատերազմից հետո, ասում է Եդիգարյանը, դիմել են քաղաքապետարան։ Ստեղծվել է խումբ, որի նպատակն է մաքրել և կարգի բերել քաղաքում առկա բոլոր հնարավոր թաքստոցները, պատսպարման վայրերը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելու համար: