ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԿԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՆՔ. ՔԱԼԸՆ
Թուրքիան համոզված է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը, որն ունեն Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, պետք է վերացվի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ վետոյի իրավունքին այլընտրանք կարող է դառնալ ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելը։
Անկարան անդրադարձել է նաև Ռուսաստանին միանալու հարցով Զապորոժիեում, Խերսոնում, Դոնեցկում և Լուգանսկում նախօրեին մեկնարկած հանրաքվեներին:
Էբրահիմ Քալըն (Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ) - Մենք չենք ճանաչի Ուկրաինայում միակողմանի հանրաքվեների արդյունքները: Մեր դիրքորոշումը 2014 թվականից ի վեր չի փոխվել. մենք չենք ճանաչել նաև Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Մենք ճանաչում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս պատերազմում Կիևի կողմից ենք:
Քալընը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքիպատճառով ուկրաինական հակամարտությունը կարող է ձգձգվել։
Վաշինգտոնը նույնպես դատապարտել է հանրաքվեների անցկացումը: Ջո Բայդենը զգուշացրել է՝ Միացյալ Նահանգները կաշխատի դաշնակիցների հետ՝ Ռուսաստանի դեմ տնտեսական լրացուցիչ հզոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Արևմուտքի ոչ մի սպառնալիք չի փոխի Ռուսաստանի վճռականությունը՝ կյանքի կոչելու ռազմական գործողության նպատակները, նշել՝ հանրաքվեների անցկացումը չի հակասում միջազգային իրավունքի նորմերին:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԶՐԿԵԼ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԻՑ
Ուկրաինայի ԱԳՆ-ը զրկել է Իրանի դեսպանին հավատարմագրումից և որոշել զգալիորեն կրճատել Կիևում դեսպանատան դիվանագիտական անձնակազմի թիվը։ Ուկրաինական կողմը պնդում է, որ ռուսական ուժերը Ուկրաինայի դեմ իրանական արտադրության զենք են կիրառել:
Թեհրանը հերքում է մեղադրանքները: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական կողմին իրանական անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։
ՆԱՏՕ-Ի ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ԲԱՔՈՒ
ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչները «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի տվյալների բազա» դասընթացի շրջանակում մեկնել են Բաքու:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ դասընթացի հիմնական նպատակն է սովորեցնել տեղացի և օտարերկրացի զինծառայողներին համապատասխան միջոցառումների կազմակերպման և իրականացման փուլում օգտվել առկա տվյալների բազաներից: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին:
ԲԱՅԴԵՆՆ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Ջո Բայդենն Աֆղանստանին զրկել է ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակից։ ԱՄՆ նախագահը ստորագրել է համապատասխան փաստաթուղթը։ ԱՄՆ-ն Աֆղանստանին որպես իր գլխավոր դաշնակիցներից մեկն էր հռչակել 2012 թվականին: 2021 թվականին ամերիկյան զորքերը դուրս են բերվել երկրի տարածքից։
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԹԱՅՎԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Թայվանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձ է՝ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ձախողել Չինաստանի խաղաղ վերամիավորումը:
«Թայվանը ձգտում է անկախանալ, դա լրջորեն նվազեցնում է խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- ընդգծել է դիվանագետը:
Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Թայվանի նեղուցում կայունության պահպանմանը՝ «Մեկ Չինաստան» սկզբունքին համապատասխան։
Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայում զարգացումներին: Պետքարտուղարը զգուշացրել է՝ եթե Չինաստանը փորձի աջակցել Մոսկվային, Վաշինգտոնը հակազդող քայլերի կդիմի:
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԱՐԳԵԼԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
Ֆինլանդիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի քաղաքացիներին կարգելեն ցանկացած շենգենյան վիզայով և զբոսաշրջության նպատակով մուտք գործել երկիր ՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը:
Պեկկա Հաավիստոյի խոսքով՝ ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի այցելել հանրապետություն միայն աշխատանքի, ուսման և հարազատներին այցելելու նպատակով: Վերջնական որոշման մանրամասները դեռ քննարկվում են:
ՇԱՌԼ ՄԻՇԵԼՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՎԻԶԱ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել զորահավաքից խուսափող ռուսաստանցիներին մարդասիրական վիզաներ տրամադրելու նախաձեռնության օգտին։ Նա հավելել է, որ պատրաստ է այդ հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ։