Մինչև տարվա վերջ Հայաստանում կստեղծվի նոր արբիտրաժային կենտրոն: Պետության օրենսդրական աջակցությամբ ու միջազգային դրամաշնորհներով ձևավորվող դատարանը, ըստ պատասխանատու նախարարության, հնարավորություն կտա գործերը քննել ավելի արագ, ավելի պրոֆեսիոնալ և, ինչը շատ կարևոր է, միջազգային բիզնես-միջավայրի համար ընդունելի չափանիշներին համապատասխան:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության փոխնախարար) - Այժմ արբիտրաժային կենտրոնի ստեղծման այն փուլն է, որտեղ մենք steering կոմիտե ենք հավաքում, այսինքն՝ այն կազմը, որը առաջին փուլներն է իրականացնելու՝ հասկանալու համար այն ուղղությունները, որոնցով գնալու է արբիտրաժային կենտրոնը, ինչ իրավահարաբերությունների մեջ է մտնելու այլ կազմակերպությունների հետ, որոշվելու է՝ ովքեր են լինելու հիմնադիրները, հոգաբարձուների խորհուրդը:
Հիմնադիրներ գտնելու հարցում, խնդիր առայժմ չկա՝ նկատում է փոխնախարարը: Գաղափարով հետաքրքրված են Ստոկհոլմի, Դուբայի հեղինակավոր արբիտրաժային կենտրոնները, նաև անհատ արբիտրները: Կանոնադրությունը պատրաստ կլինի առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում, կուղարկվի շահագրգիռ կողմերին՝ կարծիք ստանալու: Նորաստեղծ դատարանը կգործի երկու մոդելով:
Գրիգոր Մինասյան - Լինելու են ֆիքսված արբիտրներ, որոնք աշխատելու են հենց արբիտրաժային կենտրոնում, և լինելու են արբիտրներ, որոնք համաձայնություն են տալու՝ այդ ցանկում լինելով, հենց որ կողմը որոշի՝ որ X արբիտրը պիտի իրենց գործը քննի, գալ ու որպես դատավոր հանդես գալ:
Կենտրոնի գործարկումից հետո, Մինասյանի գնահատմամբ, կբեռնաթափվեն ներպետական դատարանները: Աբիտրաժին կվերապահվի մի շարք ոլորտների վեճերի հանգուցալուծումը, որոնց քննությունն, ըստ փոխնախարարի, եռաստիճան համակարգում այսօր հաճախ է ձգձգվում: Պետական գնումներ, կառուցապատման ոլորտին վերաբերող գործեր, բանկերի ու վարկային կազմակերպությունների հայցեր, IT վեճեր ու ոչ միայն... Սրանց քննությունն ավելի արագ ու ավելի արդյունավետ կկատարվի՝ նեղ մասնագիտացմամբ ու տասնամյակների փորձ ունեցող արբիտրների կողմից:
Գրիգոր Մինասյան - Արբիտրաժային ցանկում լինելու են մեծ հեղինակություն վայելող մասնագետներ տարբեր ոլորտներից, և պատկերացրեք՝ մի կողմը վեճի առարկան է, հեղինակային իրավունքի վեճ է, շատ ավելի վստահելի է այդ գործը տալ հենց նեղ մասնագետին, քան այն դատավորին, որը հեղինակային իրավունքից այդքան էլ մասնագիտացած չէ:
Փոխնախարարի խոսքով՝ քննարկումների ընթացքում եվրոպացի մասնագետները խորհուրդ են տվել նոր դատարանում ներգրավել նաև թոշակի անցած ու փորձառու դատավորների: Բիզնես վեճերը քիչ չեն, հետևաբար ոչ միայն տեղական, այլև միջազգային պայմանագրային իրավահարաբերությունների քննությունը կկատարվի տարածաշրջանային առաջին արբիտրաժային կենտրոնում: Երևանում բացվելիք կենտրոնը, ըստ պատասխանատուի, կարևոր խթան է նաև օտարերկրյա ներդրումներ ներգավելու հարցում, ասում է՝ նոր կենտրոնի հիմնադրմանը առաջինը սպասում է հենց բիզնեսը:
Գրիգոր Մինասյան - Սոցհարցում էինք պատվիրել՝ հասկանալու համար՝ արդյոք մասնավոր կազմակերպությունները կամ անձինք, որոնք բիզնես միջավայում են աշխատում, հետաքրքրվա՞ծ են: Հարցվածների 80 տոկոսը հետաքրքրված է և սպասում է հենց մեկնարկին, որ իրենք իրենց պայմանագրերում նախատեսեն նոր արբիտրաժային կենտրոնը որպես իրենց վեճերի լուծման այլընտրանքային եղանակ:
Միջազգային չափանիշներին համապատասխան արբիտրաժային կենտրոն ունենալը 2022-26 թվականների Դատաիրավական բարեփոխումների ռազմավարական նպատակներից էր, որը, դեռ այս հուլիսի վերջին, փաթեթով հաստատեց Կառավարությունը: Դոնոր կազմակերպությունների աջակցությամբ հիմնադրվող կառույցը, մասնագետների գնահատմամբ, մեկ-երկու տարի հետո կդառնա ինքնաֆինասավորվող, բիզնեսն էլ՝ վեճի դեպքում ստիպված չի լինի հասնել Լոնդոն, Փարիզ, Ստկոհոլմ կամ Նյու Յորք, կապահովվի նաև օնյայն դատավարություն:
Գրիգոր Մինասյան - Նախատեսում ենք օնլայն լսումներ, այսինքն՝ մարդիկ, բիզնեսը, գտնվելով այլ երկրում, այսօրվա թվային տեխնոլոգիաներով կարող են նստել իրենց գրասենյակներում ու հետևել դատավարությանը:
Գրիգոր Մինասյանը վստահեցնում է՝ հետաքրքրվածություն կա նաև տարածաշրջանային երկրներից, ըստ նրա՝ կարևոր է ճիշտ իրազեկում իրականացնելը, որ կենտրոնը ճանաչելի դառնա, աշխատի ամբողջ ներուժով: