Հայաստանի խոշոր հանքերը պակաս խոշոր վնասներ չեն հասցնում մարդու առողջությանը՝ վստահ է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» նախագահ Օլեգ Դուրգարյանը: Բնապահպանները հանքերի ազդակիր համայնքներում նմուշառումներ են վերցրել հողից, ջրից, մարդկաց մեզից:
Օլեգ Դուրգարյան («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ) - Ամենամեծ նստվածքը մարդկանց մեջ մկնդեղն է, որը բավականաչափ մեծ չափերի է հասնում, մասնավորապես, երեխաների մոտ: Դա ֆիքսված է և՛ Ախթալայում, Թեղուտում, և՛ մյուս բնակավայրերում, սակայն ամենաշատը՝ Ախթալայի Մեծ Այրում ու հենց Թեղուտ բնակավայրում:
Չեխիայի Հանրապետության տրամադրած ֆինանսական միջոցներով փորձանմուշներ են վերցրել Ախթալայից, Ալավերդու պղնձաձուլարանից, Թեղուտի ազդակիր գոտուց ու Արմանիսի ոսկու բազմամետաղային հանքավայրի շրջակայքից: Ուսումնասիրություններն արվել են չծխող մարդկանց շրջանում՝ շեշտեց բնապահպանը:
Օլեգ Դուրգարյանը «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ է: 12-13 թվականներից Ախթալայում ահազանգում էին իրենց առողջական խնդիրների մասին, մասնավորապես, երեխաների գլխացավեր ու ալերգիկ դրսևորումներ: Ախթալայում մեկ գրամ կրեատինի մեջ 0.74 գրամ մկնդեղ կա:
Հուլիսին էլ Լոռու մարզի Դեբեդ գետն էր արտադրական աղտոտման ենթարկվել՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի վթարի հետևանքով: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին էր արձանագրել, նյութերն ուղարկել իրավապահ մարմիններին: Տեսչական մարմնի մյուս ստուգումներն էլ են ցույց տալիս, որ հանքերը բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացնում:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին 48 հանքում իրականացվել է ստուգում, շրջակա միջավայրին հասցված 175 մլն դրամ վնասի հատուցման պահանջ է դրվել: Եղել են նաև վարչական տուգանքներ՝ 7 մլն 600 հազար դրամ: Վարչական 18 վարույթ է իրականացվել և 700 հազար դրամ վարչական տուգանք է նշանակվել:
Օլեգ Դուրգարյանի խոսքով՝ 2020 ու 21 թվականներին 120-130 կենսանմուշով փորձաքննություն են արել: Առողջությունից զատ նաև մարդկանց տնտեսություններին է վնաս հասցվել, ոմանք դիմել են դատարան: Ախթալա համայնքի Ճոճկան բնակավայրի ֆերմեր Սամվել Սիրադեղյանը տուժողներից է:
Սամվել Սիրադեղյան (ֆերմեր) - Իմ այգին գտնվում է Դեբեդի հովտում, գետի ափին ու գարնան վարարումների ժամանակ ջուրն եկել է, լցվել, ու հանքանյութը, տիղմը լցվել է ու չի մաքրվել ու շերտերով նստվածք կա: Դրանից հետո այգիս չորացել է:
1.5 հա այգին այնպես է չորացել ու հողն այնպես է վնասվել, որ այլևս մշակել չի լինում, բուսականություն էլ չկա, հողում մի քանի մոլախոտ է աճում՝ ասաց ֆերմերն ու հավելեց, որ 2 տարի առաջ դիմել է դատարան: 20 գյուղատնտեսի դիմում միացրել են, բայց որևէ հանգուցալուծում դեռևս չկա:
Սամվել Սիրադեղյան - Ախթալայի ու Թեղուտի պոչհանքեր են այդտեղ լցվում:
Թեղուտ ընկերությունից պարզաբանում են` իրենց խտանյութերում մկնդեղ չկա: Միևնույն ժամանակ չեն հերքում, որ հանքարդյունաբերությունը շրջակա միջավարի վրա թողնում է իր ազդեցությունը, բայց հավելում են՝ ջրում որոշ ծանր մետաղների առկայությունը բարձր է, քանի որ մինչև հանքի ներգործության տարածք հասնելն արդեն իսկ ջուրը հանքայնացված է, և ծանր մետաղների քանակը նորմայից բարձր է: Նշված հանգամանքը բացատրվում է տարածաշրջանի բարձր հանքայնացումով:
«Թեղուտ» ՓԲԸ
Թեղուտի հանքավայրը մի քանի ամիս է՝ չի շահագործվում, բայց շրջակա միջավայրի մոնիտորինգն արվում է, և ծանր մետաղների ֆոնը կրկին բարձր է ջրերում, քանի որ մեր տարածաշրջանի ջրերում այն բարձր է: 2019 թվականից սկսած հանքը ստորգետնյա ջրերը հավաքում է ավազանում, և օգտագործում ենք մեր արդյունաբերության մեջ, ոչ թե բաց թողնում:
Ընկերությունը նաև վստահեցրեց, որ առաջարկել են հետազոտությունները համատեղ անցկացնել, սակայն բնապահպանները չեն համաձայնել: Այն որ Հայաստանի տնտեսության համար հանքարդյունաբերության օղակը կարևոր է, փաստում է վիճակագրությունը՝ Հայաստանի խոշոր հարկատուների հնգյակում երկուսը հանքարդյունաբերող ընկերություն են: 2022-ի առաջին կիսամյակում միայն Հայաստանի ամենախոշոր հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարել է 104,8 մլրդ դրամ: Կոմբինատի՝ կիսամյակում վճարած հարկն արդեն իսկ գերազանցել է 2021-ի տարեկան հարկերի մակարդակը. նախորդ տարի հանքը մոտ 92 մլրդ դրամի հարկ էր վճարել: Շրջակա միջավարի նախարարությունն էլ չի հերքում, որ հանքարդյունաբերությունը երկրի տնեսության շնչուղիներից է, բայց կարևորում է շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար վտանգների բացառումը: Բնապահպանական մի շարք այլ խնդիրների հետ, կարծում են, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին» օրենքի փոփոխությունը կշտկի նաև այս հարցը: ՇՄԱԳ օրենքը փոփոխություններով, որը շուտով կներկայացվի Կառավարության քննարկմանը, «շրջակա միջավայր» հասկացությունն ընդլայնվել է, և մարդու առողջությունը ևս համարվելու է շրջակա միջավարի մաս:
Գայանե Գաբրիելյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Այսուհետ, երբ ՇՄԱԳ օրենքի շրջանակներում ուսումնասիրություն անենք, մենք հասկանալու ենք նաև մարդու առողջություն, բացի լանդշաֆտից, ֆլորայից, ֆաունայից, կենսաբազմազանությունից, ջրերից և այլն, նաև մարդու առողջութունն է դիտվում շրջակա միջավայրի մաս: Այսինքն՝ շրջակա միջավայրի գնահատում ու ազդեցություն արվում է նաև մարդու առողջության կոնպոնենտով, որն իրավական կատեգորիա կլինի:
Թե ինչպես է հաշվարկվելու մարդու առողջությանը հասցվող վնասը՝ արդեն Առողջապահության նախարարության տիրույթում է, որը 2019 թվականին նշել էր՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատում է հստակ չափանիշների գծման ուղղությամբ: Մինչ օրս չափորոշիչները մշակված չեն:
Հեղինակ՝ Անի Օհանյան