Հանրակրթական ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները մինչև նոյեմբերի 15-ը պետք է պարտադիր վերապատրաստում անցնեն: Պետությունը ցանկանում է, որ դպրոցի կառավարման կոլեգիալ այդ մարմինը լիարժեք գործի՝ նպատակ ունենալով ապահովել չափորոշիչներով պահանջվող կրթության մակարդակը: Փորձը ցույց է տվել, որ խորհուրդները հիմնականում ակտիվանում են տնօրենի ընտրությունից առաջ:
Արտաշես Թորոսյան (Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն) - Անարդար կլինի, եթե մենք էդպես ասենք բոլոր դպրոցների համար, բայց հիմնականում խորհուրդները ունեին ավելի պասիվ գործառույթներ՝ չնայած շատ մեծ լիազորություններին և իրավունքներին:
Տնօրեն ընտրելուց բացի խորհուրդը լիազորված է.
վերահսկել տնօրենի գործունեությունը.
քննարկել և հավանություն տալ հաստիքացուցակին, ամենամյա ծախսերի նախահաշվին ու հաջորդ տարվա բյուջեի նախագծին.
քննարկել ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվությունը.
սահմանել դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները.
հաստատել ներքին կարգապահական կանոնները:
Շարքն ամբողջական չէ: Բայց այն, որ խորհրդի անդամները դրան առանձնապես չեն տիրապետում, հետաքրքրված չեն կամ փաստաթղթերում ձևական ներկայություն ունեն, ԿԶՆԱԿ տնօրենը բացատրում է այն հանգամանքով, որ անդամների մի մասը բնագավառից չէ ու ծանոթ չէ ոլորտը կարգավորող օրենքներին: Դպրոցի խորհրդի 9 անդամը ծնողներն են, ուսուցիչները, նախարարության, համայնքի ու մարզպետարանի ներկայացուցիչները: Հայտնի է, սակայն, որ արդեն հաջորդ տարվանից դպրոցների խորհուրդները տնօրեն չեն ընտրելու: Այդ դեպքում արդյոք խորհուրդների անդամնե՞րն էլ կարող են կորցնել այնտեղ ներկայացված լինելու հետաքրքրությունը:
Արտաշես Թորոսյան - Մենք պետք է փոխենք մեր դիրքորոշումն ընդհանրապես և արժեքները: Մենք պետք է հասկանանք, որ խորհրդի անդամը ոչ թե մի շատ կարևոր պաշտոն է, որտեղ դու մեկին կարող ես ընտրել կամ չընտրել, այլ դու, որպես շահագրգիռ մարդ, որպես համայնքի ներկայացուցիչ, որպես դպրոցի ուսուցիչ և ծնող, եկել ես աշխատելու խորհրդի կազմում, որպեսզի այդ դպրոցում սովորող երեխաների կրթությունը օր օրի ավելի լավանա:
Հայաստանում գործում է մոտ 1300 դպրոց: Խորհուրդների անդամներին 300 խմբով վերապատրաստելու համար ընտրվել է 71 անձ: Վարդան Ավետիսյանի մասնակցությամբ վերապատրաստվել են Մարտունու տարածաշրջանի մոտ 30 դպրոցի կառավարման խորհուրդների անդամները:
Վարդան Ավետիսյան (դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների վերապատրաստող) - Յուրաքանչյուր խմբի համար նախատեսված է եռօրյա վերապատրաստման դասընթաց՝ 18 ժամով: Տարածաշրջանում ձևավորվել է մոտ 7 խումբ: Նրանք, ովքեր մասնակցում են դասընթացին, շահագրգռված են իրենց մասնակցությամբ նպաստելու կրթական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Ավետիսյանը փաստում է՝ չնայած ներկայացվող նյութի վերաբերյալ մասնակիցների հետաքրքրվածությանը, 3 խմբից մեկը բացակայել է:
Տարբեր պատճառաբանություններով պարտադիր վերապատրաստմանը չհաճախածները ևս մեկ հնարավորություն կստանան այլ խմբերում, ինչից հետո պատկան մարմինները նրանց վերաբերյալ որոշում կկայացնեն:
Հեղինակ՝ Աննա Զախարյան