Այսօր ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ներկայում ռուսական զորքի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեները։
Գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։
Պաշտոնական Կիևը դատապարտել է հանրաքվեների անցկացումը՝ շեշտելով, որ դրանք կեղծ են և ոչինչ չեն փոխի ուկրաինական կողմի համար, քանի որ այդ տարածքները պետք է ազատագրվեն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով հանրաքվեների անցկացմանը, հայտարարել է, որ Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանի Դաշնությունը, հանրաքվեների դրական ելքի դեպքում, կդիտարկի որպես «հարձակում իր հողերի վրա»:
Պեսկովն ասել է, որ Դոնբասում հանրաքվեների անցկացման անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով:
ԵԱՀԿ-ն արձագանքել է անցկացվող հանրաքվեներին: Կառույցը նշել է, որ այդ հանրաքվեները չեն կարող ունենալ իրավական ուժ, քանի որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, հակասում են Ուկրաինայի օրենսդրությանը, տարածքներն անվտանգ չեն, այնտեղ չեն լինելու անկախ դիտորդներ, իսկ բնակչության մեծ մասը հեռացել է: ՆԱՏՕ-ն դատապարտել է հանրաքվեների անցկացումը և կոչ արել բոլոր պետություններին մերժել դրանք:
ՈՐՈՇ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքին չեն մասնակցի ՏՏ, կապի, ֆինանսների և ԶԼՄ ոլորտների ներկայացուցիչները, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Մասնակի զորահավաքի համար զորակոչից ազատվելու հիմք են հանդիսանում Գլխավոր շտաբին կազմակերպությունների ղեկավարների ներկայացրած ցուցակները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ի իր ուղերձում հայտարարել էր, որ Ռուսաստանի զինվորականները պատերազմում են Արևմուտքի կոլեկտիվ ռազմական մեքենայի դեմ: Տվյալ իրավիճակում նախագահն անհրաժեշտ էր համարել աջակցել ՌԴ-ում մասնակի զորահավաք անցկացնելու ՊՆ-ի և Գլխավոր շտաբի առաջարկին:
ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները միջուկային զենքի մասին չեն ազդել ԱՄՆ պաշտպանության նախարարության պատրաստակամության վրա՝ աշխատել իր դաշնակիցների և գործընկերների հետ Կիևին աջակցելու հարցում»,- ասել է Պենտագոնի խոսնակ, ռազմաօդային ուժերի բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը։
Այդպիսով, նա մեկնաբանել է Պուտինի խոսքն այն մասին, որ Մոսկվան մտադիր է օգտագործել երկրի տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն իր տարածքային ամբողջականությունն ու ժողովրդին պաշտպանելու համար, և դա բլեֆ չէ։
«Ռուսաստանը տեղյակ է, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու դեպքում «ծանր հետևանքներ» կլինեն»,- CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
Նա չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպես կպատասխանեն Ռուսաստանին:
«Դա կախված կլինի նրանից, թե զանգվածային ոչնչացման ինչ զենք կարող են օգտագործել»,- ասել է պաշտոնյան:
Սթոլթենբերգը դեռևս ցածր է գնահատել միջուկային զենքի ցանկացած կիրառման հավանականությունը, սակայն դրա պոտենցիալ հետևանքներն այնքան մեծ են, որ անհրաժեշտ է համարել լուրջ վերաբերվել Վլադիմիր Պուտինի հայտարարությանը: