Դեռևս 2020-ին բնակլիմայական երկու ռիսկով ու երկու մշակաբույսով մեկնարկած գյուղապահովագրության փորձնական ծրագիրն ընդլայնել է ռիսկերի, մշակաբույսերի անվանացանկը: 2021-ից արդեն ապահովագրվեց 13 մշակաբույս, իսկ 2022-ից կարկտի ու հրդեհի, գարնանային ցրատահարության ռիսկերին ավելացավ նաև երաշտի ռիսկից ապահովագրությունը:
Իռա Փանոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի մշակման վարչության պետ) - Ծրագիրը բարդ պրոդուկտ է: Մշտապես ուշի ուշով հետևում ենք ծրագրի ընթացքին և քանի որ պիլոտային է յուրաքանչյուր տարի արձանագրված խնդիրները հաշվի են առնվում, դիտարկվում են, միջազգային փորձագետների հետ քննարկվում են խնդիրները, և յուրաքանչյուր տարի առավել բարելավված պրոդուկտ է առաջարկվում տնտեսվարողներին:
Բարելավված ցանկացած պայման կիրառելիս հաշվի են առել ֆերմերների առաջարկները՝ ասում է Իռա Փանոսյանը: Եթե ծրագրի առաջին տարում ապահովագրվում էր միայն ֆերմերի ծախսը, որի դեպքում ապահովագրավճարը փոքր գումար էր կազմում, հիմա որոշ ֆերմերներ նախընտրում են բարձր ապահովագրավճարով պայմանագիր կնքել, որի դեպքում ստացվում է, որ ապահովագրվում է նաև բերքը:
Իռա Փանոսյան - 2022 թվականին ավելացվեցին սահմանաչափերը, եթե տնտեսվարողը ցանկանում է ընտրել բարձր ապահովագրական գումարի պրոդուկտ: Այդ ձևով հասնում ենք նրան, որ շատ մշակաբույսերի շրջանակում նույնիսկ բերքի ամբողջ ապահովագրություն է դիտարկվում:
2020-ի համեմատ ապահովագրական պայմանագրերի թիվը զգալիորեն ավելացել է: 2020-ին կնքվել է 1546, 2021-ին՝ 4300, իսկ 2022-ին՝ 5800 պայմանագիր: Այս տարի օգոստոսի 31-ի դրությամբ ապահովագրական ընկերոթյուններն արդեն տրամադրել են շուրջ մեկ միլիարդ դրամի, 1411 ապահովագրական հատուցում: Կառավարությունը գերմանական KFW բանկի հետ համագործակցելով 2023-ին ևս կշարունակի սուբսիդավորել ապահովագրավճարները 50-60 տոկոսով, ինչն ավելի մատչելի է դարձնում ապահովագրման գործընթացը: