Տոնական Ղազարյան (Բաղրամյան համայնքի ղեկավարի խորհրդական) - Տարածքներ, որ ընդհանրապես չեն մշակվել. տեսեք՝ ձախ թևի վրա խոփ ու արոր չի աշխատել, նույնն էլ աջի վրա էր, բայց տեսեք՝ հիմա ինչ պատկեր է, մարդիկ ինչ ծախսեր են արել:
Արմավիրի մարզում քարքարոտ հողերը մաքրում, մելիորացնում են: Քար ու տատասկից ազատված հողի վրա ծառեր են տնկում, իսկ հավաքած քարերով այգու համար ցանկապատ կառուցում: Այս պահին միայն Բաղրամյանի տարածաշրջանում 1500 հա հող է մելիորացվում: Նաև ոռոգման համակարգեր են կառուցում, որ աշնանը ծառատունկ անեն:
Բաղրամյանում 42 հազար հա հող կա, բայց այնքան ամայի ու քարաշատ, որ քչերն են համարձակվել այստեղ ներդրում անել: Մինչև անցած տարի ընդամենը մոտ 8000 հեկտար հող էր մշակվել: Այս տարի, սակայն, այգեգործությամբ հետաքրքրվողների թիվն ավելացել է:
Տոնական Ղազարյան - Հնարավոր է մշակել մինչև 25 հազար հա, եթե կատարելագործվի ոռոգման համակարգը, ինչպես հիմա էս տարածքում իրականացնում է սեփականատերը:
Նախկինում հողագործության նկատմամբ հետաքրքրությունը նույնիսկ մայրաքաղաքից է մարդկանց բերել Արմավիր: Մեծ գումար էին դրել, այգի հիմնել ու… որպես կանոն, ձախողվել: Տոնական Ղազարյանի խոսքով՝ հիմնականում ոռոգման ջրի սխալ կառավարման հետևանքով: Հիմա և՛ ջրի կառավարիչներն են հմտացել, և՛ պետությունն է սկսել աջակցել հողագործին:
Տոնական Ղազարյան - Վերջին 2-3 տարում պետության կողմից ծրագրեր իրականացվեցին, որոնք արդյունավետ են հատկապես խոշոր հողատերերի համար: Սեփական միջոցների անբավարարությունը հնարավոր էր փակել վարկային ծրագրերով, դրա համար մարդիկ վստահ մտան այս ծանրության տակ: Խոշոր ու փոքր հողատերերի համար՝ անտոկոս վարկերը՝ վերադարձվող, մեծ թափ հաղորդեցին էս ծրագրերին:
Նոր այգետերերը ջրավազաններ են կառուցում, կաթիլային համակարգ անցկացնում: Միայն Բաղրամյանում 22 ջրավազան է կառուցվել, որոնք միասին կարող են մոտ 2 միլիոն խմ ջուր կուտակել: Տոնական Ղազարյանի ասելով՝ մարդիկ դեռ շարունակում են հող ձեռք բերել:
Առաջիկա 2-3 տարում կմելիորացնեն ու կծաղկեցնեն ևս 2000 հա հող: