Նոյեմին 24 տարեկան է, ծնվել ու մեծացել է Մեծ Բրիտանիայում, այսօր էլ ընտանիքը Լոնդոնում է, ինքը՝ կամավորական աշխատանքներով՝ Հայաստանում:
Նոյեմի Ստեփան Սարգսյան - Հայաստան եղել եմ երևի 6-7 անգամ, բայց միշտ որպես զբոսաշրջիկ, կամ ուրիշ ծրագրերով, բայց երկար ժամանակով չեմ եղել: Այդ պատճառով որոշեցի դիմել «Դեպի Հայք» ծրագրին, որ կարողանամ կամավորական աշխատել, ավելի լավ հասկանամ աշխատանքային հնարավորությունները Հայաստանում և մշակույթը:
Մասնագիտությամբ իրավաբան է և պատմաբան: Հայաստանն այստեղ ապրել ու աշխատելով բացահայտելու միտքը նրան հանգիստ չէր տալիս այնքան, մինչև իրագործեց:
Նոյեմի Ստեփան Սարգսյան - Օգոստոսի 1-ից եղել եմ Հայաստանում, Երևանում՝ 2 շաբաթ, հետո եկել եմ Գյումրի, այստեղ 2 շաբաթ է, որ կամավորական աշխատում եմ 3 տարբեր աշխատավայրերում:
Ծանրաբեռնված աշխատելուց չի հոգնել, այստեղ ապրած օրերն էլ նպաստել են, որ Հայաստանն ավելի շատ սիրի: Աշխատավայրերից մեկն էլ Գյումրու երիտասարդական պալատում է. անգլերեն է դասավանդում:
Նոյեմի Ստեփան Սարգսյան - Մինչև հոկտեմբերի 28-ը Հայաստանում կլինեմ, հետո, ցավոք, պետք է վերադառնամ Անգլիա, բայց նպատակ ունեմ ապա 5 տարիներին վերադառնալ Հայաստան շատ ավելի երկար ժամկետով և աշխատել իրավաբանական ոլորտում:
Չնայած Հայաստանին բաժին ընկած բարդ ժամանակահատվածին՝ ընտանիքով հասկացել են՝ տունը այն տեղը չէ, որտեղ ապրել են տասնյակ տարիներ, տունն այնտեղ է, որտեղ իրենց տանտեր են զգում, իրենց սիրով են սպասում, որտեղ իրենց կարիքը կա:
Նոյեմի Ստեփան Սարգսյան - Հայաստանում ինձ ավելի լավ եմ զգում, Անգլիան ինձ տվել է շատ հնարավորություններ, փայլուն ուսում եմ ստացել, բայց մշակույթը Մեծ Բրիտանիայում ինձ հարազատ չէ, մարդկանց վերաբերմունքը շատ է տարբերվում հայկականից, երբ Հայաստան եմ գալիս, ինձ ավելի լավ եմ զգում:
Պատմաբանին հատուկ վստահությամբ ասում է՝ մեր երկիրը սա էլ կհաղթահարի, իսկ անկախ ու հզոր պետություն կառուցելուն կնպաստի նաև Սփյուռքի ներուժը: