ԸՍՏ ԱՎԻՆՅԱՆԻ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
2018 թվականից բավականին աշխատանքներ է կատարել Երևանի քաղաքապետարանը, սակայն որևէ ոլորտում համակարգային լուծում չի տրվել: Այսօր փոխքաղաքապետ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տիգրան Ավինյանը: Նա նաև եկող տարվա աշնանը կայանալիք ընտրություններում ՔՊ թեկնածուն է լինելու:
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Լինի դա աղբահանությունը, որը, այո՛, հավաքագրումը կա, վերամշակումը չկա, լինի դա տրանսպորտի հարցը, որը միայն ավտոբուսները չեն, այլ ընդհանուր մեկ համակարգ է, մետրոյի հետ միացում է, մետրոյի շարունակության վերլուծություն է և շատ և շատ այլ հարցեր:
ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է, որն այսօր ըստ էության իր ապագա մրցակցի օգտին էր քվեարկել: Լրագրողները Խաժակյանին ասացին, որ Ավինյանի փոխքաղաքապետ դառնալը շատերը նախընտրական քարոզարշավ են համարում, ինչին ընդդիմադիր գործիչն արձագանքեց՝ դեռ մի քանի ամիս առաջ է քարոզարշավը տարբեր մարդկանց կողմից սկսվել:
Դավիթ Խաժակյան (Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար) - Թերթերի մի մասը տպում է, որ Արթուր Վանեցյանն է թեկնածուն, մյուս մասը՝ Լևոն Քոչարյանը:
Խաժակյանի գնահատմամբ՝ Ավինյանը փորձառու փոխքաղաքապետ է:
Դավիթ Խաժակյան - Ուրախ եմ, որ հիմա մենք ունենք փորձառու քաղաքապետ, փորձառու փոխքաղաքապետներ, ի տարբերություն այն քաղաքապետի, որը փորձառու չէր, որը իմփիչմենթով հեռացվեց և հիմա դարձել է ընդդիմադիր լրատվամիջոցների ֆավորիտը:
ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ՝ ԿԱԴՐԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի նորընտիր փոխքաղաքապետն անդրադարձավ նաև այն դիտարկմանը, թե Հայկ Մարությանի հեռանալուց հետո բոլոր կադրային փոփոխությունները ինքն է իրականացրել՝ իր մտերիմներին և բարեկամներին նշանակելով պաշտոնների: Մարությանը պաշտոնանկ արվեց անցյալ տարվա դեկտեմբերին՝ ավագանու նախաձեռնությամբ:
Տիգրան Ավինյան - Ես իմ մտերիմներին, բարեկամներին զուտ միայն իմ մտերիմը, բարեկամը լինելու բերումով երբեք որևէ պաշտոնի չեմ նշանակում, ես փոխվարչապետ եղած ժամանակ իմ գրասենյակը երբ որ ես հավաքել եմ, նշանակել եմ այդ մարդկանց, այդ մարդկանցից երևի թե միայն Վարագ Սիսեռյանին էի ճանաչում: Այսինքն՝ ընտրությունը ես կատարում էի կադրային առումով՝ միայն իրենց ունակությունների, իրենց որոշակի, նաև գաղափարների և սկզբունքների հարելու համար:
ԱՎԻՆՅԱՆԸ ԵՎ ԽԱԺԱԿՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՄԻՋԱԴԵՊԸ
Թե՛ Ավինյանին և թե՛ Խաժակյանին հարցեր ուղղվեցին սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ոստիկանության ծառայողները, ուժ կիրառելով, տարածքից հեռացրել էին զոհերի ծնողներին, որոնք բոյկոտում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր:
Տիգրան Ավինյան - Այն, ինչ որ տեղի է ունեցել, շատ բացասական երևույթ է, և դատապարտելի է, և կա քննություն, որը որ պետք է պարզի:
Դավիթ Խաժակյան - Գերագույն գլխավոր հրամանատարը լավ կամ վատ կատարում է իր գործառույթը, և դա չպետք է դառնա շահարկման առարկա, առավել ևս պատճառ, որպեսզի որևէ խումբ որևէ այլ խմբի արգելի գնալ հերոսների գերեզմանատուն և ծաղիկ խոնարհելու, ես նման իրավիճակ չեմ պատկերացնում:
Խաժակյանը քննադատեց այն քաղաքական ուժերին, որոնք փորձում են այս թեման շահարկել:
Դավիթ Խաժակյան - Այն քաղաքական ուժերը, որոնք եփում են այդ թեման, որ, այ, եկեք թույլ չտանք, որ այս կամ մարդը գնա Եռաբլուր, առնվազն իրենց խղճի առաջ պատասխանատու են:
Նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին՝ նշելով, որ հանրության դժգոհությունները տեղին են, և ներկայում քայլեր են իրականացվում միասնական ցանցի ստեղծման ուղղությամբ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան