Եթե ողնաշարի հատվածում դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացած Հայկին կրկին վիրահատելու անհրաժեշտություն առաջանա, արդեն հնարավոր է անել նաև «Զինվորի տանը»: Հայրենիքի պաշտպանի տանն այսօրվանից երեք վիրահատարանով, արթնացման սրահով, վերակենդանացման բաժանմունքով և հետվիրահատական 7 հիվանդասենյակով նոր վիրաբուժական բաժանմունք կգործի: «Զինվորի տունն» այսպիսով կամբողջացնի բուժման գործընթացը՝ վիրահատական միջամտությունից մինչև վերականգնողական բուժում:
Արմեն Մուրադյան (ԵՊԲՀ ռեկտոր) - Այս շենքում է հիմնադրվել Հայաստանի վիրաբուժությունն առհասարակ, և տարիներ շարունակ այս շենքը ծառայել է որպես Առաջին հիվանդանոցի վիրաբուժական մասնաշենք: Այս պահին մեր զինվորները, որոնք վերականգնողական բուժում են անցնում, կունենան հնարավորություն վիրաբուժական միջամտություններն անցնել՝ առանց տեղափոխվելու այլ ԲԿ-ներ:
Նորաբաց բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, պլաստիկ, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուրոլոգիական և այլ վիրաբուժական ծառայություններ:
Հայկուհի Մինասյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն) - Մեր վիրահատարաններից մեկում իրականացվելու են լազերային վիրահատություններ պատերազմի ժամանակ այրվածքներ ստացած տղաների սպիները բուժելու, բարդությունները կանխելու համար:
Վիրահատարաններից մեկն ապահովված է օդափոխության լամինար հոսքով, ինչը կանխում է ինֆեկցիոն ռիսկերը:
Միքայել Սահակյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի գլխավոր բժիշկ) - Այսինքն՝ դրա միջոցով կարող ենք ստանալ գրեթե 100 տոկոսանոց ստերիլ օդ:
Բաժանմունքն ապահովված է հիվանդի 24-ժամյա մոնիթորինգի տեխնիկական հնարավորությամբ և ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց:
Արմեն Մուրադյան - Հատուկ ուշադրություն ենք մենք դարձնում, որ այն տղան, որ երիտասարդ տարիքում ունի նման վերքեր, նման բուժում է անցնում, ինքնուրույն լինի սանհանգույցում, հոգեբանների և մեր փորձն էլ է սա վկայում, որ նրանք այդ շեմն անցնելուց հետո դժվար են վերադառնում ամբողջական կյանք, երբ երկրորդ մարդ է մտնում իրենց լոգարանում օգնելու:
Վիրաբուժական բաժանմունքի կառուցման համար ներդրվել է մոտ 950 մլն դրամ, որից 370 միլիոնը՝ սարքավորումների համար: Համահայկական ջանքերին այս անգամ միացել է նաև Բելգիայի կառավարությունը: Գումարի մեծ մասը տրամադրել է ՀՕՄ ԱՄՆ արևմտյան շրջանային վարչությունը:
Ժասմեն Բունիաթյան (ՀՕՄ ԱՄՆ արևմտյան շրջանային վարչության գործադիր տնօրեն) - Մեր այն երիտասարդ զինվորները, որ անհույս մտնում են այստեղ ու ուրախ դուրս են գալիս, ականատես ենք եղել, մեր կենտրոնական վարչությունը անցյալում զգալով այս կազմակերպության կարևորությունը՝ սատար է կանգնել:
Տանկի արկից գլխի աջ հատվածում բեկորային վիրավորում ստացած և չորս վիրահատություն անցած Դավիթը վստահ է՝ այն ջանքերը, որ «Զինվորի տան» բժիշկները գործադրում են վերականգնողական բուժման ընթացքում, կներդնեն նաև վիրահատությունների ժամանակ:
Դավիթ Հարությունյան («Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի շահառու) - Չէի սպասում ինչ-որ մեծ առաջընթաց, որովհետև վիճակս շատ ծանր էր, գտնվում էի սայլակի վրա, չէի քայլում, չէի կանգնում, բայց ստեղի վերականգնողական բուժումների շնորհիվ կարողացա արդեն կանգնել՝ դեռ ձեռնափայտով, 2-3 ամիս անց կսկսեմ առանց ձեռնափայտի քայլել:
Վիրահատությունները կիրականացվեն լիցենզիա ստանալուն պես: