ՈՒԺԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ
«Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումն անընդունելի է». Հայաստանում ԱՄՆ դեսպանատան արձագանքն է «Լուրերի» հարցին ի պատասխան՝ «Ինչպես է Վաշինգտոնը վերաբերվում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:
«Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»:
ՉԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
«Վաշինգտոնը Բաքվին կոչ է անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր». ԱՄՆ կոչը հնչել է «Լուրերի»՝ «ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինի կերպով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ» հարցին ի պատասխան:
«Մենք հորդորում ենք վերջ տալ ռազմական գործողություններին, ու առանց զինված ուժերի ներգրավման՝ աշխատել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերի լուծմանը՝ խաղաղ բանակցությունների շարունակմամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին»։
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
«Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնց հետևանքով կան նաև զոհեր» հարցին դեսպանատնից արձագանքել են.
«Մենք անձամբ տեսել ենք Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասը, և տեսել ենք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորումների մասին հաղորդումներ, որոնք երկուստեք խորապես անհանգստացնում են և ընդգծում հետագա մարտական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը և դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը»:
ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԽՈՇՏԱՆԳՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
«Գերիների վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու ճանապարհին»՝ Վաշինգտոնի դիրքորոշումն է ներկայացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ արձագանքելով «Լուրերի» հիշեցմանը, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինծառայողներ են գերեվարվել, տարածվել են նրանց նկատմամբ խոշտանգումների մասին հաղորդումներ. նրանք դեռևս չեն վերադարձվել հայկական կողմին: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունը հաստատել է, որ տեղյակ են հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին: