Յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար: Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության մեր գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: Վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ, անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծագույն պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին: Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար:
Երևանն առաջին հերթին մարդիկ են, Երևանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու իր կոլորիտը, իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում և քանդակներում»,- ասաց Ավինյանը:
Իր խոսքում Ավինյանն անդրադարձավ 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի ջանքերին, որոնք, ըստ նրա, մեղմել են մայրաքաղաքի շատ խնդիրներ:
«Մեծ աշխատանքը դեռ առջևում է, քանի որ քաղաքն ունի նոր՝ տեխնոլոգիական և համակարգային լուծումների կարիք: Երևանով շրջող մարդը պետք է ներդաշնակ լինի այն միջավայրի հետ, որն իրեն շրջապատում է: Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք: Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ: Այդ բանաձևով է պետք լուծել բոլոր խնդիրները:
Մարդկանց համար քաղաք կառուցել նշանակում է ապահովել այնպիսի միջավայր, որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ»,- ասաց նա: