ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու կարևորության և այդ հարցում որպես աջակից ու միջնորդ դառնալու պատրաստակամություն է հնչել տարբեր երկրների ղեկավարների շուրթերից: Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կենտրոն դառնալու՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ) - Չնայած տարածաշրջանում տիրող ծանր իրավիճակին, մենք ջանք չենք խնայի մեր հարևանների հարաբերությունները կարգավորելու համար։ Մենք արդեն ունեցել ենք հաջողված դեպքեր, այդ թվում՝ 15 հայ ռազմագերիների վերադարձը: Նրանց անվտանգ վերադարձը տեղի է ունեցել Ադրբեջանի ականապատ տարածքների քարտեզների դիմաց:
Տարածաշրջանում անհրաժեշտ խաղաղություն և կայունություն հաստատելու համար Վրաստանը պատրաստ է խթանելու հարևանների միջև երկխոսությունը:
Իրակլի Ղարիբաշվիլի - Այս նպատակով Վրաստանն առաջ է տանում խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որը ներառում է Հարավային Կովկասի երեք պետությունները։ Այն չի փոխարինում, չի հակասում կամ հակադրում համագործակցության մյուս ձևաչափերին: Փոխարենը Վրաստանը հույս ունի լինել ազնիվ միջնորդ, որը կօգնի կարգավորել տարածաշրջանային հարաբերությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԿԱՐԵՎՈՐ Է ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ. ՌԱՅԻՍԻ
Տարածաշրջանում խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում խոսել է նաև հարևան Իրանի նախագահը: Նյու Յորքում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանը ուշադրությամբ հետևում է զարգացումներին:
Էբրահիմ Ռայիսի (ԻԻՀ նախագահ) - Պետությունների տարածքային ամբողջականության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անթույլատրելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է, և Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի: Իրանը պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Ավելի վաղ Իրանի նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի իր ելույթում ընդգծել էր, որ Իրանի արտաքին քաղաքականության մեջ գլխավոր նպատակներից մեկը հարևան երկրների հետ ամուր և բարիդրացիական հարաբերություններ ունենալն է: Խոսելով տարածաշրջանում առկա ճգնաժամերի մասին՝ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է.
Էբրահիմ Ռայիսի - Ճգնաժամերի դեպքում պատերազմը լուծում չէ, իրական լուծումը նման իրավիճակներում երկխոսությունն է, բանակցությունները: Մենք ապացուցեցինք, որ ծանր ժամանակներում մեր հարևան երկրների համար իսկական ընկեր ենք:
Տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ զրույցներում մենք բազմիցս հնչեցրել ենք կարևոր մի գաղափար՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է բխի տարածաշրջանի ներսից, այլ ոչ թե դրսից: Դրան կարելի է հասնել ակտիվ գործակցության շնորհիվ: Մենք պետք է ապավինենք մեր եղբայրական և բարեկամական հարաբերություններին:
ԷՐԴՈՂԱՆԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նյու Յորքում ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ժամանակ Հարավային Կովկասում կայուն խաղաղության անհրաժեշտության մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահը: Էրդողանի համոզմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավոր է հասնել սեղմ ժամկետում: Ռեջեփ Էրդողանը կարծում է, որ երկրների միջև կայունության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել:
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Թեև վերջերս տեղի ունեցած բախումները ստվերեցին այս մթնոլորտը, մենք կարծում ենք, որ հնարավոր է շուտափույթ համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել երկու երկրի միջև։
Էրդողանը հավելել է, որ Անկարան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Նա միևնույն ժամանակ շեշտել է` Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին կլինի։