Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին:
ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի՝ տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:
Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով:
Հիշեցնենք՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհից և դրան հաջորդած պայթյունից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր:
ՀԿԽԸ թիմը տեղում աջակցել է որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերել առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն:
Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀԿԽԸ 120-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 24 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:
Արձագանքի ընթացքում առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 140 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 150 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, փրկարարներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:
Օգոստոսի 21-ին, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ-ի հրահանգով ավարտել է իր առաքելությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում: