Այսօր ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի՝ ներկայում ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մեկնարկել են Ռուսաստանի Դաշնությանը որպես սուբյեկտներ միանալու հարցով հանրաքվեները։ Գործընթացը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ:
Քվեարկության առաջին 4 օրերին, անվտանգության նկատառումներից ելնելով, դրանք կանցկացվեն տնային պայմաններում կամ շենքերին կից հատուկ հաստատություններում, իսկ երեքշաբթի օրը քվեարկությունը տեղի կունենա ընտրատեղամասերում: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կաջակցի Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի բնակիչների՝ իրենց ապագայի վերաբերյալ որոշմանը, որը նրանք կընդունեն հանրաքվեներով։
Պաշտոնական Կիևը դատապարտել է հանրաքվեների անցկացումը՝ շեշտելով՝ դրանք կեղծ են և ոչինչ չեն փոխի ուկրաինական կողմի համար, քանի որ այդ տարածքները պետք է ազատագրվեն:
«Կեղծ հանրաքվեները իրավական արժեք չունեն. Փարիզը դրանք չի ճանաչի՝ Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստից առաջ Ուկրաինայի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան, հավելելով, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել փորձագետներ ռազմական գործողության ժամանակ արձանագրված հանցագործությունների մասին ապացույցները արձանագրելու համար: Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը, Ուկրաինայի արտգործնախարարը ընդգծել է, որ դատապարտող հռետորաբանությամբ հնարավոր չէ կանգնեցնել ռուսական բանակին։ «Պուտինին կանգնեցնելու լավագույն միջոցը Ուկրաինային զենք տրամադրելն է»՝ հավելել է Դմիտրո Կուլեբան: Լրագրողի հարցին, թե նստաշրջանի ընթացքում արդյոք Կուլեբան կխոսի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Ուկրաինայի գլխավոր դիվանագետը պատասխանել է. «Ես նրանից սոցիալական հեռավորություն կպահպանեմ»:
ԿԻԵՎԻ ՌԵԺԻՄԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ. ՄԱՏՎԻԵՆԿՈ
Ուկրաինայում վերջին օրերի իրադարձությունները վերջապես հաստատում են՝ Կիևի ռեժիմը, ըստ էության, դարձել է ահաբեկչական՝ հայտարարել է է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը: Վալենտինա Մատվիենկոյի խոսքով՝ արդեն ակնհայտ է դարձել, որ Կիևն անցել է բացահայտ ցեղասպանության՝ ՆԱՏՕ-ի զենքով խաղաղ բնակիչներին միտումնավոր ոչնչացնելու մարտավարությանը:
Անդրադառնալով այսօր մեկնարկած հարաքվեին՝ Մատվիենկոն նշել է, որ դա պատմական իրադարձություն է, որտեղ մարդիկ իրականում ընտրում են կյանքի և մահվան միջև: «Եթե նրանք որոշեն որպես սուբյեկտներ դառնալ Ռուսաստանի կազմում, վստահեցնում եմ, որ մենք չենք վարանի»,- ասել է Մատվիենկոն:
ՌԴ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ռուսաստանը զորահավաք հայտարարելով՝ ընդունում է իր ռազմական ձախողումը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ ուկրաինական բանակի հզորության փաստին բախվելով՝ Ռուսաստանի ղեկավարությունը փոխում է ռազմի դաշտում իր որդեգրած մարտավարությունը և փորձում ավելի շատ Ռուսաստանի քաղաքացիների և ավելի հզոր ռեսուրսներ ներքաշել պատերազմի մեջ: Մոսկվայի գործողությունները, սակայն, Զելենսկու հավաստմամբ, ռազմական գործողությունների ընթացքից ոչինչ չեն կարող փոխել: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ զորհավաք հայտարարելով՝ Ռուսաստանի ղեկավարությունը նաև ևս մեկ անգամ ձախողում է բանակցությունների հնարավորությունը:
ԲՈՐԵԼԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ
Ռուսաստանն արդեն պարտվել է պատերազմում «բարոյապես և քաղաքականապես»՝ հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Եվրոպան և աշխարհը երբեք չեն ճանաչի Ռուսաստանին միանալու օգտին սպասվող հանրաքվեները: Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները, կապված մասնակի զորահավաքի հետ, ինչպես նաև միջուկային զենք օգտագործելու սպառնալիքները խաթարում են համաշխարհային անվտանգությունը: Բորելը նաև կոչ է արել պատասխանատվության ենթարկել Մոսկվային Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար և հայտարարել, որ ագրեսիայի բոլոր զոհերն արժանի են արդարության և հատուցման։
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ
Ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի. բոլոր վեճերը կարող են լուծվել երկխոսության միջոցով։ Իրանը պատրաստ է հակամարտող կողմերի միջև միջնորդ դառնալու՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահը: «Իրանի քաղաքականությունը ո՛չ դեպի Արևելք է ուղղված և ո՛չ դեպի Արևմուտք: Մենք մեր քաղաքականությունը որևէ ուժի ճնշմամբ չենք սահմանում»,- հայտարարել է Էբրահիմ Ռայիսին:
Պատասխանելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրների մասին հարցին՝ Ռայիսին նշել է, որ քննարկվող համաձայնագիրը կայուն չի լինի, եթե երաշխիքի հարցերը չլուծվեն, և Իրանը միշտ սպառնալիքի տակ լինի»։ Երաշխիքներ պահանջելու պատճառների վերաբերյալ հարցին էլ Ռայիսին պատասխանել է. «Դա պայմանավորված է ԱՄՆ-ի նախկին գործողություններով: Նրանց քայլերի նկատմամբ վստահություն չկա: Իսկ համաձայնագիրը պետք է լինի իրական և հուսադրող»:
ՄԱԿ ԱԽ-Ն՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ. ԲՐԻՔՍ
Հնդկաստանի ԱԳՆ-ն հրապարակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԲՐԻՔՍ-ի երկրների նախարարների հանդիպման արդյունքները: Հայտարարությունում նշվում է, որ երկրները պարտավորվում են հարգել բոլոր պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Երկրներն ընդգծել են իրենց հավատարմությունը ճգնաժամերի խաղաղ կարգավորմանը և խոստացել են աջակցել երկխոսության և բանակցությունների միջոցով երկրների միջև տարաձայնությունների և վեճերի վերացմանը: ԲՐԻՔՍ-ի երկրները հաստատել են, որ միջազգային խաղաղության և անվտանգության ողջ պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Նախարարները մտահոգություն են հայտնել աշխարհի տարբեր մասերում ուժգնացած և չավարտվող կոնֆլիկտների կապակցությամբ: