Լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմից հետո զբաղվել է հաշմանդամություն ստացած անձանց կարիքների գնահատմամբ ու տարատեսակ այլ հարցերով:
Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ավինյանն անդրադարձավ նաև ապաստարանների խնդրին:
«Հիմա շատ դժգոհություններ կան, որ մարդկանց մոտ խուճապ է ստեղծվում, որ հիմա ապաստարանների վիճակն են գնահատում ու փորձում հասկանալ, թե ինչպես է: Ժողովուրդ ջան, ավելի լավ է՝ հիմա մի փոքր խուճապը լինի, բայց երբ, Աստված մի՛ արասցե, այդ ապաստարանների կարիքն ունենանք, մենք իմանանք, որ այդ ապաստարանները կահավորված են կամ ինչ-որ չափով տեղերը ֆիքսված են»,- ասաց նա:
Հարց հնչեց Երևանի քաղաքապետ դառնալու հավակնությունների մասին:
Ավինյանն ասաց, որ այս պահի դրությամբ նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ, իսկ ապագային վերաբերող հարցերի մասին կխոսի ապագայում:
«Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի Երևանում խնդիրները լուծումներ ստանան: Իմ աշխատանքն արվելու է, որպեսզի երևանցիներն ապրեն այնպիսի քաղաքում, որի մասին միշտ երազել են: Իմ աշխատանքը միայն այդ ուղղվածությունն է ունենալու: Աշխատելու եմ արդյունք ստանալու համար: Այս փուլում որևէ այլ բանի մասին չեմ ուզում մտածել»,- ասաց նա: