Հակառակորդի արկից վնասված տանիքը, ջարդված դուռ-պատուհանը փոխելու, ներքին բարեկարգում անելու համար, որ տունը նորից ապրելու ենթակա դառնա, Կառավարությունն արդեն պետբյուջեից գումար է հատկացրել: Երեք մարզում՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում, 50-ական միլիոն դրամը մարզպետարանները կբաշխեն՝ ըստ գնահատված կարիքի: Ոլորտային փոխնախարարն ասում է՝ սա հրատապ, առաջին, բայց ոչ վերջին հատկացումն է:
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար) - Դա նրա համար ա, որ որոշակի նյութական միջոցներ կարելի լինի մոբիլիզացնել՝ ավազ, ցեմենտ, շինանյութ, ու էդ աշխատանքները կատարել, էդ աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է, որ մարդիկ հետ վերադառնան, արդեն սկսել ա էդ պրոցեսը:
10 օր առաջ ադրբեջանական ագրեսիան խախտեց սահմանամերձների, նաև դրան մոտ գյուղերի խաղաղ առօրյան: Տեղահանված բնակիչներին օժանդակելու հարցում, Տերտերյանի վստահեցմամբ՝ մարզպետարանները չեն դանդաղի, նախնական պատկերն ունեն, փոխնախարարի սեղանին դրանք վկայող լուսանկարներն են: Մինչև աշխատանքային խմբերը վնասների վերջնական գնահատականը կտան, այս պահին մոտ 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից 60-ն ամբողջությամբ, ներառյալ՝ օժանդակ կառույցներ, մեքենաներ, հողատարածքներ ու ոչ միայն։
Վաչե Տերտերյան - Եթե մասնագիտական գնահատականի արդյունքում պարզվի, որ վնասվել են շենքեր, մասնավոր տնատիրություններ, որոնք փոքր վերանորոգումներով կամ ներդրումներով վերականգնելու ենթակա չեն, այսինքն՝ վնասները մեծ են, ապա դրանց նկատմամբ այլ մոտեցում կորդեգրվի:
Ադրբեջանական ագրեսիայից Գեղարքունիքում 12 բնակավայր է տուժել, ամենամեծ վնասը Սոթքն է կրել: Այդտեղ 7 տուն հիմնովին վերականգնման կարիք ունի, մարզպետի խոսքով՝ դրանց համար առանձին բյուջե կնախատեսվի, իսկ ընթացիկ նորոգման աշխատանքները կսկսեն արդեն եկող շաբաթվա սկզբից, վնասված տները քիչ չեն:
Կարեն Սարգսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Այս պահի դրությամբ ունենք մոտավորապես 112 տուն, եթե չեմ սխալվում, որ տենց թեթև վնասներ ունեն: Կան բնակիչներ, որոնք որ ցանկանում են իրենք իրենց ուժը օգտագործել, մենք գումար կհատկացնենք, իրանք ձեռքբերում կիրականացնեն ու իրենց ուժերով կկառուցեն, կան ընտանիքներ, որ նմանատիպ աշխատանքներ կազմակերպելու փորձ չունեն և չեն կարողանալու, կփորձենք մենք մեր միջոցներով օգնել, որպեսզի արագ վերականգնվի:
Կարեն Սարգսյանը վստահեցրեց՝ բնակիչների հետ ամենօրյա կապի մեջ են, գումարը նաև սոցաջակցության տեսքով կհասնի տուժած ընտանիքներին՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Վերջնական տվյալներն այս պահին նաև Սյունիքում են ամփոփվում՝ մարզպետ Ղուկասյանը փոխանցեց.
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Մի քանի բնակելի տների և մեկ-երկու հասարակական նշանակության շինություններ են վնասվել, բայց, ամեն դեպքում, կան այլ վնասներ, որոնք պետք է գույքագրվեն մինչև վերջ:
Կապանում 5 բնակավայր, խոշորացված Տեղ համայնքն ամբողջությամբ և Սիսիանի որոշ բնակավայրեր՝ այսօրվա պատկերն է մարզպետարանի տվյալներով: Բացի շենք-շինությունից, նաև ցանքատարածություններին, գյուղտեխնիկային է վնաս պատճառվել: Ղուկասյանն ասաց՝ տեղահանված բնակիչներն արդեն վերադառնում են տուժած բնակավայրեր, երկուշաբթիից էլ բոլոր դպրոցները կանցնեն առկա ուսուցման: Հարավային մարզի ղեկավարն էլ է վստահ՝ առաջին փուլում փոխանցված 50 միլիոնով հարցը չի ավարտվի:
Ռոբերտ Ղուկասյան - Այս պահին մենք ֆիքսում ենք խնդիրները, և առաջնային հրատապ լուծում պահանջող խնդիրների իքս գումարը հատկացվել է, բայց, բնականաբար, վստահ եմ, որ այս գումարը շատ ավելի փոքր է լինելու, քան իրականում վերջնարդյունքն է:
Տարածքային կառավարման նախարարությունում ասում են՝ դեռ բիզնեսին անդրադարձ չեն անում, թեև այս տեսանկյունից տուժածը Ջերմուկն է՝ հյուրատներ, առողջարան, ճոպանուղի: Վաչե Տերտերյանի խոսքով՝ գազատարն ու էլեկտրականությունը հիմնականում վերականգնված են, բացի մի քանի հատվածներից, որտեղ անվտանգային խնդիր կա: