Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ մեկնարկել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 20-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային, ընդհանուր մանկաբուժությանը և մանկական ներզատաբանությանը: Բացմանը ելույթ են ունեցել Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին և Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Շատերն են հարցնում՝ ինչպես է ստեղծվել այս կազմակերպությունը, որն արդեն 30 տարեկան է, պատասխանում եմ՝ պապիս էի խոսք տվել,- ասել է Ռոջեր Օհանեսյանը,- 1915-ի ցեղասպանությունից փրկված պապս դանակ ուներ, որը միշտ սուր էր պահում: Երբ 12 տարեկան էի, այն ինձ նվիրեց և ասաց՝ պատրաստ լինեմ, մեկ օր հայրենիքս ինձ կանչելու է: Չգիտեի, որ 40 տարի անց հեռագիր կստանամ հայրենիքից՝ օգնության խնդրանքով: 1992-ին հեռագիր ստացա Հայաստանի կառավարությունից՝ ուղղված ԱՄՆ-ում ապրող բժիշկներին, և եկա: Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բոլոր մարդկանց, ում հետ մենք Հայաստանում նպաստում ենք ակնաբուժության զարգացմանը»:
«Հայկական ակնաբուժության նախագծի կողմից իրականացվող աշխատանքները մեր երկրի համար անգնահատելի դեր ունեն՝ Երևանում և հատկապես մարզերում բարձրացնելով ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Վստահ եմ, որ այս անգամ ևս այստեղ հեռանկարային հարցեր են քննարկվելու»,- նշել է Արմեն Նազարյանը:
«Մեզ համար մեծ պատիվ է արդեն 12 տարի համագործակցել Հայկական ակնաբուժության նախագծի հետ: Այդ մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր ակնային զննումներ և բազմաթիվ վիրահատություններ ենք իրականացրել՝ կուրությունից փրկելով հայ մանուկներին: Նորարար մեթոդներով իրականացված հայ բժիշկների վերապատրաստումները հրաշալի արդյունքներ են տվել»,- ասել է Թոմաս Լին և հավելել, որ ծրագրերը շարունակում են ընդլայնվել՝ ներառելով մանկաբուժության այլ ոլորտներ ևս: