Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգի առաջին հարցը փոխքաղաքապետի պաշտոնում Տիգրան Ավինյանի ընտրությունն է: «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածուն ամբիոնին մոտենալուց հետո նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել օրեր առաջ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը:
Տիգրան Ավինյանն ընգծեց՝ ագրեսիան ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ հիշեցնի սթափության և քրտնաջան աշխատանքի մասին:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մեր զինվորների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել ապրել ու արարել, ուժեղացնել մեր պետությունը, զինել բանակը և զարգացնել տնտեսությունը: Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն:
2023 թվականի աշնանը կայանալիք ընտրություններում Երևանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու և նախկին փոխվարչապետ Ավինյանի խոսքով՝ ցանկացած պաշտոն գաղափարների իրականացման և խնդիրների լուծման միջոց է: Ասում է՝ մեծ պատիվ է ծառայել Երևանին ու երևանցիներին:
Տիգրան Ավինյան - Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք: Քաղաքն այդպիսինը կարող է դառնալ մի պարզ սկզբունքի պահպանմամբ՝ հանրային շահի գերակայությունը անհատական շահի նկատմամբ: Չի կարող մեկի անհատական շահը՝ իր բակում կառուցվելիք ավտոտնակը, ավելի կարևոր լինել, քան երեխաների խաղը բարեկարգ խաղահրապարակում: Չի կարող մեկի շինարարությունն ավելի կարևոր լինել, քան քաղաքի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին և բարեկամներին լավություններ անել պետք չէ:
Տիգրան Ավինյանը կհամակարգի կառավարության հետ աշխատանքը և թաղապետարանների գործունեությունը, ինչպես նաև շինբարեկարգման, կանաչապատման և մշակույթի ոլորտները: Արդյունավետ աշխատանքի համար Ավինյանը կարևորում է երևանցիների հետ պարբերական շփումները:
Տիգրան Ավինյան - Իմ մշտական կապը ես ապահովելու եմ երևանցիների հետ վարչական շրջայցերով, վարչական մեր կենտրոններում ընդունելություններով, քաղաքապետարանում ընդունելություններով և, անպայմանորեն, նաև օգտագործելով էլեկտրոնային հարթակները:
Թեկնածուի ելույթին հաջորդեց քվեարկությունը:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ, որոշումն ընդունված է:
Օրակարգի հաջորդ հարցը զեկուցեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Հայտնեց՝ 20 տարի առաջ Գաֆէսճեան հիմնադրամին տրամադրված Կասկադ համալիրի փոսորակը հարակից տարածքի հետ նվիրատվության տեսքով վերադարձվում է համայնքին: Մասնավոր ներդրողների աջակցությամբ կավարտեն փոսորակի կառուցապատման աշխատանքը:
Հրաչյա Սարգսյան - Այդ տեղում կունենանք Ժամանակակից արվեստի նոր թանգարանի մասնաշենքը, կունենանք նաև ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացնել Երևանում մեր մշակութային կյանքը:
Երևանի ավագանին նաև որոշեց 13 մլն 630 հազար դրամ ուղղել ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիներին՝ իրենց մշտական բնակության վայր վերադառնալու ծախսերի համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան