2002 թ. «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները, սակայն Կասկադ համալիրը ավարտուն տեսք մինչ այժմ չի ստացել:
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացնում է՝ քաղաքապետարանի և «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի բանակցությունների արդյունքում, չկառուցապատված և անբարեկարգ տարածքները կվերադարձվեն համայնքին:
«Այդ վայրում մտադրություն կա կառուցել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ժամանակակից արվեստի թանգարանի նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա ակտիվացնել մայրաքաղաքի մշակութային և տուրիստական կյանքը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանու արտահերթ նիստում օրակարգային հարցերից մեկով Կասկադ համալիրի «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերվել է Երևան համայնքին՝ շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: