Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով խորհրդարանականներին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար: «Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի ընդլայնել մեր հարաբերությունները, նոր բնագավառներ ընդգրկել»,- ասել է նախագահը:
Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունելության համար և շեշտել, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:
Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված նախահարձակ գործողություններին և դրանց հետևանքներին:
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան հարված է հասցնում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման օրակարգին: