Սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երկու տասնյակ ֆրանսիական խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրանից երկու տարի անց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու պատերազմական հանցագործությունների մասին ահազանգելու և միջազգային հանրության արդյունավետ հակազդեցության միջոցով Բաքվի զավթողական հավակնություններն ու հայ ժողովրդի դեմ էթնիկ նոր զտումները զսպելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։
Դեսպան Տոլմաջյանը մասնավորապես շեշտեց, որ ադրբեջանական վերջին ագրեսիան ի ցույց է դնում Բաքվի՝ հեռուն գնացող ագրեսիվ ու ծավալապաշտական նկրտումները։ Դեսպանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից երկու տարի ի վեր միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների, այդ թվում՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ապօրինաբար անազատության մեջ պահելու, ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք կիրառելու փաստագրված տվյալների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ու քաղաքակրթական հետքերի ոչնչացման պետական քաղաքականության վրա։
Այդ ամենի համատեքստում ՀՀ դեսպանը հորդորեց միջազգային հանրությանը վճռական և հստակ արձագանք տալ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար՝ այդ թվում ընդգծելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերադարձի հրամայականը բանակցային գործընթաց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։
Ելույթներից հետո Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։
Մամուլի ասուլիսին ներկա էին ֆրանսիական խոշոր տպագիր մամուլի և հեռուստատեսությունների ներկայացուցիչներ («Agence France Presse», «Le Figaro», «Le Figaro Magazine», «Le Monde», «L’Express», «Le Point», «Marianne», «L’Opinion», «Valeurs actuelles», «La Revue des deux Mondes», «Le Pèlerin», «Le Conflit», «L’Incorrect», «France 24», «TV5Monde», «Arte», «RFI» և այլն)։