Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման Սաֆադիի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Այման Սաֆադին մանրամասն քննարկել են հայ-հորդանանյան հարաբերությունների հետագա խորացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր՝ հատկապես կենտրոնանալով տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունների վրա։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում վերջին զարգացումների, անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության կողմից ագրեսորին ուղղված հասցեական արձագանքի, ինչպես նաև ադրբեջանական առավելապաշտական քաղաքականությունը զսպելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է նաև Ադրբեջանի զինված ուժերի կատարած պատերազմական հանցագործություններին համապատասխան գնահատական տալու կարևորությունը։