ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՂԹՈՂՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ. ԲԱՅԴԵՆ
Ջո Բայդենը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։ Առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝ կլիմայի փոփոխությանը, պարենային ճգնաժամին, մարդու իրավունքների խախտումներ։
Նա նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական անդամների թվի ավելացման օգտին։
«Այն երկրները, որոնց մենք երկար ժամանակ աջակցել ենք, պետք է մշտական անդամակցություն ստանան»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։
Բայդենն անդրադարձել է Պեկին-Վաշինգտոն հարաբերություններին, հավատացրել՝ ամերիկյան իշխանությունները Չինաստանի հետ հակամարտություն չեն ցանկանում, սակայն շարունակելու են անվտանգ և բարգավաճ աշխարհի ձևավորման քաղաքականությունը:
«ԱՄՆ-ը հավատարիմ է «մեկ Չինաստանի» սկզբունքին և դեմ է Թայվանի նեղուցում ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներից՝ Բայդենն ընդգծել է՝ Վաշինգտոնը ցանկանում է վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, սակայն երբեք թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ։
Ելույթի ավարտին Ջո Բայդենը կոչ է արել գործակցել և բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով:
Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Այսօր լուրջ մարտահրավերների ենք բախվում, սակայն մեր հնարավորություններն ավելի մեծ են։ Միայն համատեղ ուժերով կարող ենք փոխել պատմության ընթացքը դեպի ավելի ազատ և արդար աշխարհ՝ հանուն մեր երեխաների:
ՌԴ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 215 ԳԵՐՈՒ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ
Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևին է վերադարձրել 215 գերու, այդ թվում՝ Ազովի 108 մարտիկի և ռազմական գործողություններին մասնակցած 10 օտարերկրացու, որոնց թվում՝ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի քաղաքացիներ։ Նրանք տեղափոխվել են Սաուդյան Արաբիա։
Երմակի խոսքով՝ ռուսական կողմին են փոխանցվել Ուկրաինայում պետական դավաճանության համար մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկը և 55 ռուս զինծառայող:
Զելենսկին էլ տեղեկացրել է, որ սեպտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահի միջնորդությամբ փոխանակված հինգ ուկրաինացի հրամանատար չի վերադառնա հայրենիք՝ մինչև հակամարտության ավարտը։ Նրանք կմնան Թուրքիայում՝ Էրդողանի անձնական պաշտպանության ներքո:
ԹՈՒՐՔԻԱՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՌԴ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ
Դոնեցկի և Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով առաջիկա հանրաքվեները կխոչընդոտեն Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերը՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Անհանգստացած ենք Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերով: Միջազգային հանրությունը չի ճանաչի այդ անօրինական քայլը», - նշվում է փաստաթղթում։
Թուրքիայի ԱԳՆ-ը վերահաստատել է իր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:
«Այդ մասին հայտարարել ենք դեռ 2014 թվականին Ղրիմի անօրինական բռնակցումից հետո»,- հավելել են գերատեսչությունում:
ԱՆԿԱՐԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԱՄՆ-ԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԵՂՈՒԿ ԳԱԶ ԳՆԵԼ. ԷՐԴՈՂԱՆ
Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, որ Անկարան ցանկանում է ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ գազ գնել՝ ավելի շահավետ պայմաններով։
«Մեր ժամանակակից ենթակառուցվածքի շնորհիվ պատրաստ ենք գործակցել նաև այդ հեղուկ գազը տարածաշրջանի երկրներ հասցնելու հարցում»,- ասել է Էրդողանը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից էներգառեսուրսների վեցերորդ ամենախոշոր ներկրողն է: Էրդողանը ԱՄՆ-ին կոչ է արել նաև չեղարկել թուրքական պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը:
Անդրադառնալով Անկարային F-16 կործանիչների վաճառքի արգելքի մասին ԱՄՆ իշխանությունների որոշմանը՝ Էրդողանը դա սխալ քայլ է որակել:
ԱԷՄԳ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԶԱԷԿ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժշողովի 77-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրա խոսքով՝ գործակալությունը բանակցություններ է սկսել Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչների հետ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու կոնկրետ քայլերի վերաբերյալ:
Գրոսսին տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի Ուկրաինա, հետո, հնարավոր է՝ նաև Ռուսաստան:
Նա մտահոգություն է հայտնել, որ կայանի շուրջ իրավիճակը կրկին վատթարացել է, հավելել՝ առաջիկա օրերին գործակալությունը կմեծացնի իր առաքելությունն ԱԷԿ-ում: