Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո շարունակվել է նաև վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Ադրբեջանը խոշտանգել է ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց:
Լաուրա Գասպարյան (Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ) - Նույն դաժանությամբ և ծայրահեղ դաժան տեսանյութեր ենք մենք ստանում, միակ տարբերանշող փաստը կարող եմ ասել, որ այս պատերազմի ժամանակ մենք կանանց նկատմամբ առանձնահատուկ դիտարկում ենք արել՝ և՛ կին զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց՝ դեռ չպարզված, ունենք դաժան տեսարաններ, վատ վերաբերմունքի ծայրահեղ դրսևորումներ, որոնք զեկույցում արծարծվել ու վերլուծվել են:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արձանագրել է տարածվող տեսանյութերում զինվորականների հանդեպ ակնհայտ վատ վերաբերմունքը, որի շուրջ դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան:
Անի Չատինյան (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան) - Նաև նախկին փորձը նկարագրելով՝ դիմումում ներկայացնում ենք նաև նախորդ պատերազմների և ոչ պատերազմական իրադարձությունների ժամանակ գերի ընկած անձանց նկատմամբ Ադրբեջանի կողմից վերաբերմունքը նկարագրելով ցույց տալ, որ առավել քան վտանգված է այդ անձանց կյանքի, վատ վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը:
Մեր խնդիրն է միջազգային հարթակներում ներկայացնել, որ գործ ունենք վտանգավոր պետության հետ՝ նշում է Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և ընդգծում՝ Հայաստանը մեծացնում է Ադրբեջանի ռազմական հանցագործոթյունների դեմ պայքարի իրավական գործիքների շրջանակը:
Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Կարծում եմ՝ արդեն մոտ ապագայում՝ մի քանի տարուց, երբ Հաագայի դատարանում դատական գործերը կմտնեն իրենց փուլը կամ եզրափակիչ փուլը, արդեն ավելի ու ավելի շատ միջազգային դերակատարներ, սուբյեկտներ կսկսեն բացահայտ խոսել, որ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև ընդհանրապես միջազգային անվտանգությանը: Իսկ դա արդեն կարող է բերել լուրջ հետևանքների տվյալ պետության համար:
Մասնագետները նշում են՝ պետք է շարունակվեն իրավական գործընթացները Ադրբեջանի հանցագործությունները վեր հանելու համար և Ադրբեջանի դիրքերն իրավական դաշտում թուլացնելու համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան