Դեռևս մայիսին «Մարալիկի առողջության կենտրոնի» անձնակազմը բարձրաձայնել էր ռենտգեն սարքավորման անհրաժեշտության մասին։
Շիրակի մարզպետի միջնորդությամբ ՀՀ կառավարությունը առողջապահության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում «Մարալիկի առողջության կենտրոնին» տրամադրել է նոր թվային ռենտգեն սարք, որի գործարկումն արդեն կօգնի տարածաշրջանի ազգաբնակչության սպասարկումը դարձնել առավել հասցեական և որակյալ։
«Մենք իսկապես հակված ենք, որ մարզի բոլոր բուժհաստատությունները հագեցած լինեն անհրաժեշտ բուժսարքավորումներով։ Բժշկական կենտրոն մեր նախորդ այցելության ժամանակ արձանագրել էինք մի քանի խնդիր, դրանցից հրատապ լուծում պահանջողը սարքավորման հարցն էր: Այս բացը տարիներ շարունակ կար:
ՀՀ կառավարությանը դիմելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում հարցը լուծում ստացավ։ Վստահ եմ, ազգաբնակչությունը, որ սպասարկվում է կենտրոնում, կշահի այս ամենից։ Շիրակի մարզի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակավայր պետք է համաչափ զարգանա, սրան է նաև միտված, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» հետ հեռահար ծրագրեր կան նաև հաջորդ տարվա համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Մարալիկի առողջության կենտրոնի» բուժանձնակազմը շնորհակալություն է հայտնել խնդրի լուծման համար։
Բուժհաստատությունը 17 բնակավայրերի շուրջ 20 հազար ազգաբնակչություն է սպասարկում: