Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին։
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Այսօր մեր Զինված ուժերը գործում է հազար կիլոմետրը գերազանցող շփման գծի երկայնքով, դիմադրում կոլեկտիվ Արևմուտքի գրեթե ամբողջ ռազմական մեքենային: Այս իրավիճակում անհրաժեշտ եմ համարում ընդունել հետևյալ որոշումը՝ պաշտպանելու մեր հայրենիքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ապահովելու մեր ժողովրդի և ազատագրված տարածքների մարդկանց անվտանգությունը։ Անհրաժեշտ եմ համարում աջակցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի առաջարկությանը` մասնակի զորահավաք անցկացնելու վերաբերյալ: Մոբիլիզացիոն միջոցառումներ կանցկացվեն այսօրվանից՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ից։ Հրամանագիրը ստորագրված է:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ կզորակոչվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայություն են անցել զինված ուժերում, ունեն համապատասխան զինվորական մասնագիտացում և փորձ։ ՊՆ տվյալով՝ ընդհանուր առմամբ կզորակոչվի 300 հազար պահեստազորային, որը երկրի ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։
Ուսանողներին և ժամկետային զինծառայողներին զորակոչելու հեռանկարը չի դիտարկվում: Նախօրեին Պետդումայի ընդունած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ զորակոչի չներկայացածները և դասալիքները կդատապարտվեն մինչև տասը տարի ազատազրկման։
Իր ելույթում Պուտինը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանին պառակտելու փորձերը նոր չեն, նշել, որ այժմ նաև, նրա ձևակերպմամբ, միջուկային շանտաժ է արվում։
Վլադիմիր Պուտին - Ուզում եմ հիշեցնել՝ մեր երկիրը նույնպես ոչնչացման տարբեր միջոցներ ունի, և առանձին բաղադրիչներ ավելի ժամանակակից են, քան ՆԱՏՕ-ինը: Եթե մեր երկրի տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա, մենք, անշուշտ, կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, սա բլեֆ չէ:
Կրեմլի ղեկավարն անդրադարձել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքին, նշել, որ Լուգանսկի շրջանը գրեթե ամբողջությամբ անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ, Դոնեցկի շրջանում մարտերը շարունակվում են:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿՀԱՐԳԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿԱՄՔԸ. ՊՈՒՏԻՆ
Նա նաև շեշտել է՝ Ռուսաստանը կհարգի իր վերահսկողության տակ անցած տարածքների բնակիչների կամքը՝ որոշելու սեփական ճակատագիրը։
Վլադիմիր Պուտին - Դոնբասի ժողովրդական հանրապետությունների խորհրդարանները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմերը որոշել են հանրաքվեներ անցկացնել Ռուսաստանին միանալու համար: Մենք կաջակցենք մեծամասնության որոշումը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Սեպտեմբերի 23-27-ը Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ անցկացնելու մասին հայտարարություններին Կիևի և միջազգային հանրության արձագանքը չի ուշացել:
Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ռուսական իշխանությունների որոշումը քննադատել են Եվրամիությունը և Սպիտակ տունը, զգուշացրել՝ երբեք չեն ընդունի հանրաքվեի արդյունքները և նոր պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի դեմ:
Քննադատական հայտարարություններով են հանդես եկել նաև Օտտավան, Բեռլինը և Փարիզը՝ միանշանակ աջակցություն հայտնելով Կիևին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ռուսական միջուկային ուժերի պատրաստության վիճակի փոփոխություն դեռևս չի նկատել, սակայն շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին։ Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը հնարավոր միջուկային հակամարտությունում չի հաղթի։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ուկրաինական հակամարտության կողմ չէ, սակայն պատրաստ է պաշտպանել իր անդամներին:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ելույթով է հանդես եկել Ջո Բայդենը, նշել՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: ԱՄՆ նախագահի խոսքով՝ միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը խախտում է միջուկային զենքի չտարածման մասին պայմանավորվածությունները:
«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշետել է Բայդենը:
Մասնակի մոբիլիզացիայի և հանրաքվեների մասին հայտարարությունները վկայում են Ուկրաինայում «իրավիճակի լրջության մասին»։ Այս մասին էլ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:
Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ պատերազմը ձգձգվում է, ինչի պատճառով ավելի դժվար է հասնել հստակ և ընդունելի լուծման։ Նրա համոզմամբ՝ դիվանագիտությունը դեռ միակ ելքն է։
Չինաստանի կառավարությունը Ուկրաինայում հակամարտող ուժերին կոչ է արել լուծել հակամարտությունը երկխոսության միջոցով: Մեկնաբանելով հանրաքվեների անցկացման հարցը՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հորդորել է հարգել կողմերի տարածքային ամբողջականությունը։
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ մոբիլիզացիան և հանրաքվեի անցկացումը չեն փոխի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձնելու՝ Ուկրաինայի մտադրությունը: Նա կասկած է հայտնել, թե Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ միջուկային զենք կիրառել, և խոստացել էլ ավելի հզորացնել Ուկրաինայի զինված ուժերը։
Ուկրաինայի փոխվարչապետն, իր հերթին, տեղեկացրել է, որ Կիևի վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակիչներին հանրաքվեին մասնակցելու համար կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։
Ուշագրավ է, որ Վլադիմիր Պուտինի առավոտյան ուղերձից հետո, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայից Երևան, Բաքու, Ստամբուլ և Ռուսաստանի հարևան այլ երկրներ, որոնց տարածք մուտք գործելու համար մուտքի վիզա չի պահանջվում, առաջիկա ուղիղ չվերթների տոմսերը գրեթե սպառվել են։ Միևնույն ժամանակ նկատելի է գների զգալի աճ. օրինակ՝ Մոսկվա-Երևան մեկ ուղղությամբ տոմսն արժե ամենաքիչը մոտ հազար դոլար: