Կառավարության որոշմամբ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներ ճանաչվեցին հանրության գերակա շահ:
Նիստի ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նաև, թե ինչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ, և ինչ փուլում է գործընթացը:
«Երևանում ունենք ավարտված հատվածներ, շինարարության մեջ գտնվող հատվածներ, իսկ եթե Երևանից դեպի հյուսիս և հարավ գնանք, պատկերը հետևյալն է՝ Երևանից դեպի Աշտարակ հատվածը կառուցված է, իսկ Աշտարակից Թալին հատվածը երկու կտորից է բաղկացած: 8 կմ-անոց հատվածի մրցութային գործընթաց իրականացրինք, հաղթող ընկերություն ունենք: Հիմա ընկերությունը նախապատրաստական փուլում է, մոտ օրերս այնտեղ կսկսվեն աշխատանքները:
Հաջորդ հատվածը 34 կմ է, որը բոլորիս հայտնի դժվարանցանելի հատվածն է, հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի: Այդտեղ նույնպես մրցութային գործընթաց ունենք:
Եթե դրանից հյուսիս գնանք, Թալին-Լանջիկ հատվածն է, որը երկկողմանի, գրեթե ամբողջովին պատրաստ է: Կահավորման աշխատանքներ են իրականացվում, նոյեմբերին ամբողջությամբ կավարտենք:
Մյուս հատվածը Լանջիկ-Գյումրին է, որի մեկ կողմի աշխատանքները մինչև Հոռոմի խաչմերուկ ավարտված են: Այդ տարի պլանավորվում է ևս 10 կմ ասֆալտապատել: Եթե գանք Երևանից հարավ, ապա Արտաշատից դեպի Սիսիան նախագիծ չունենք և նման քննարկումների մեջ ենք: Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի մրցույթի առաջին փուլի ամփոփման փուլում ենք, հավանաբար, առաջիկա օրերին կավարտենք»,- ասաց Սանոսյանը:
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն էլ իր խոսքում ընդգծեց Հյուսիս-հարավի կարևորությունը:
«Հյուսիս-հարավ ներդրումային ճանապարհաշինական աշխատանքը Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է, որի արդյունքում մենք ունենալու ենք ճանապարհային նոր հոսք՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային: Այն նաև ուղիղ կերպով անդրադառնալու է մարզային և համայնքային սոցիալ-տնտեսական համաչափ և կայուն զարգացմանը»,- ասաց նա: