Նյու Յորքում շարունակվում են Արարատ Միրզոյանի հանդիպումները տարբեր երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Երկկողմ գործակցությունից զատ, հանդիպումների գլխավոր թեման Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիան է եղել:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կլինի։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։
Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, ինչը տորպեդահարում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը,- հայտարարել է Միրզոյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ հանդիպմանը:
Նախարարը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները ներկայացրել է նաև Նիկարագուայի իր գործընկերոջը: Դենիս Մոնկադայի հետ հանդիպմանը Միրզոյանը ընդգծել է ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ընդգծվել համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան