Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները զարգացման նոր փուլ են մտնում: Թեհրանն առաջիկա 2 ամսում պատրաստվում է մեր երկրում իրանական ապրանքների առևտրի կենտրոն բացել: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:
Վարդան Կոստանյան (Իրանում ՀՀ առևտրական կցորդ) - Շուրջ 18 հազար քառակուսի մետր տարածքի վրա 100-ից ավելի իրանական ընկերություններ են ներկայացված լինելու, և մեր հայ սպառողները կամ նաև գործարարները կարող են ուղիղ արտադրողից ձեռք բերել իրանական ապրանքներ, ինչու չէ` նաև մտածելու համատեղ գործունեություն ծավալելու, միգուցե և տվյալ արտադրանքը Հայաստանում համատեղ արտադրելու և այլ ուղղություններով:
Տարածքը իրանական կողմը վարձակալելու է Առինջ համայնքի տոնավաճառի հարակից տարածքում. այդ առումով բանակցություններ են ընթանում: Ըստ Վարդան Կոստանյանի՝ սա կարելի է համարել իրանական ներդրում Հայաստանում: Թեման շարունակում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ հայ-իրանական տնտեսական ներուժը բավականին մեծ է, այս առումով առևտրի կենտրոնի բացումը՝ կարևոր:
Աղասի Թավադյան (տնտեսագետ) - Իրանը մեր 2 բաց սահմաններից մեկն է, մենք բավականին մեծ առևտրաշրջանառություն ունենք Վրաստանի հետ և Վրաստանով` Ռուսաստանի հետ, Իրանի հետ էլ պետք է զարգացնել այդ առևտրաշրջանառությունը, և Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի և Ռուսաստանի միջև:
Հայկական կողմն էլ իր հերթին է ցանկանում Իրանում նմանատիպ առևտրային կենտրոն բացել:
Վարդան Կոստանյան - Խոսակցությունները արդեն սկսել են մեր իրանցի գործընկերների հետ նմանատիպ կենտրոն Իրանում կազմակերպելու համար, բայց նաև հաշվի առնելով ԻԻՀ տնտեսության կառուցվածքը և վարած քաղաքականությունը, նախնական փուլում է գտնվում, պետք է նաև այդ հանգամանքը հաշվի առնենք, և հուսով եմ` կհաջողվի:
Մասնագետների կարծիքով՝ Իրանում հայկական առևտրային կենտրոնի գաղափարն իրագործելու դեպքում հայկական բիզնեսի համար մեծ շուկա մտնելու նոր հնարավորություն կբացվի:
Աղասի Թավադյան - Այս պահին արտահանման 90 տոկոսը ՀՀ էլեկտրաէներգիան է` գազի դիմաց, և եթե ավելի դիվերսիֆիկացվի իրանական շուկան, Հայաստանի արտահանումը իրանական շուկայում, ապա Հայաստանն իրականում դրանից կշահի:
Ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն ընդհանուր կազմել է 366 մլն 276 հազար դոլար, 38.1 տոկոսով ավելի՝ քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան