ԻՐԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺԻ
Թեհրանը տարածաշրջանի սահմանների փոփոխություն չի հանդուրժի՝ հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին:
«Հայաստանին և Ադրբեջանին խորհուրդ ենք տալիս առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք հակամարտություններ ու պատերազմներ սկսելու նպատակ չունենք, բայց չենք պատրաստվում նաև լռել»,- նշել է պաշտոնյան։
Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կոչով է հանդես եկել նաև Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը: «Միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած խախտում անընդունելի է և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Հարավային Կովկասում վերջին զարգացումները խաթարել են տարածաշրջանի զգայուն հավասարակշռությունը և անվտանգությունը: Ուստի հորդորում ենք պահպանել բարիդրացիության սկզբունքները», - ասված է իրանցի պատգամավորների հայտարարության մեջ:
ՌԴ-Ն ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ԹՐԵՅՍԻԻՆ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԸ
Մոսկվան համաձայնություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան նշանակելու՝ Ջո Բայդենի նախաձեռնությանը։
«Արդյոք ռուսական կողմն ակնկալո՞ւմ է, որ նոր դեպսանի նշանակումը կխթանի Մոսկվա-Վաշինգտոն երկխոսությունը» լրագրողների հարցին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը պատասխանել է.
«Մենք լուրջ կվերաբերվենք հարաբերությունների բարելավման նույնիսկ ամենաչնչին ազդակին, սակայն առայժմ միայն դրանց ձախողման միտում ենք տեսնում»։
Ռյաբկովը հավելել է, որ դեռևս սպասում են ԱՄՆ Սենատի կողմից Լին Թրեյսիի թեկնածության հաստատմանը:
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԱՍՏԱՆԱՅԻ ԵՌՅԱԿԻ» ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում տեղի է ունեցել Սիրիական ճգնաժամի հարցով «Աստանայի եռյակի» արտգործնախարարների հանդիպումը: Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Սիրիայում, ինչպես նաև երկրի կարիքավոր բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը:
«Կողմերն ընդգծել են կայունության, խաղաղության և անվտանգության հասնելու անհրաժեշտությունը՝ Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության վերականգնման հիման վրա», - ասված է ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
Սերգեյ Լավրովը, Մևլութ Չավուշօղլուն և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վերահաստատել են սիրիական ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու հանձնառությունը:
ԱՄՆ ՕԿԼԱՀՈՄԱ ՆԱՀԱՆԳԸ ԿԳՈՐԾԱԿՑԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
ԱՄՆ Օկլահոմա նահանգի ազգային գվարդիայի և Ադրբեջանի բանակի միջև գործընկերության պետական ծրագրի 20-ամյակի կապակցությամբ Օկլահոմայի նահանգապետ Քևին Սքիթը հայտարարություն է ընդունել: Փաստաթղթում ընդգծվել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի, այդ թվում՝ Օկլահոմայի նահանգի միջև գործակցության ընդլայնման կարևորությունը։
ԵՄ-Ն ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿՍԱՀՄԱՆԻ ՌԴ ՆԿԱՏՄԱՄԲ
Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ անցկացնելու համար ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ կսահմանեն Մոսկվայի դեմ՝ հայտարարել է Եվրամիության անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:
«Կշարունակենք աջակցել Ուկրաինային, անհրաժեշտության դեպքում նաև ռազմական մատակարարումներով»,- ընդգծել է Ժոզեպ Բորելը։
Բորելը հավելել է՝ չնայած Կիևի հետ համերաշխությանը, ԵՄ-ն մտադիր չէ միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանը և պատերազմի անմիջական մասնակից դառնալ։
ՊԵՍԿՈՎՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՊՈՒՏԻՆԻ ՈՐՈՇՄԱՆԸ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելու մասին Վլադիմիր Պուտինի որոշմանը, նշել՝ կառավարությունը դիրքորոշում է պատրաստում այն մասին՝ ռուսաստանցիներից ով կարող է տարկետում ստանալ և ինչ կարգով։
Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների դեմ չհամաձայնեցված ակցիաների ժամանակ ձերբակալվածներին զորակոչի ծանուցագրեր հանձնելը օրենքի խախտում չէ։