ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐՎԻ «ՍՈՒՐՄԱԼՈՒՈՒՄ» ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Կառավարությունը դրամական աջակցություն կտրամադրի «Սուրմալուի» պայթյունից զոհվածների ընտանիքներին, նաև վիրավորված քաղաքացիներին: Ընդհանուր 41 շահառուից 17-ը՝ զոհերի ընտանիքները, 3 միլիոնական դրամ կստանան՝ զեկուցեց ոլորտային նախարարը, ներկայացրեց նախագծի մանրամասները:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել վիրավորում ստանալու դեպքում հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում 150 հազար դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300 հազար դրամի չափով:
Վիրավորներից 17՝ 150 հազարական, 7-ն էլ 300 հազարական դրամ կստանա: Շահառուներից մեկն էլ գտնվելու վայրն այդպես էլ չպարզված անձի ընտանիքին է, նրանց էլ, ինչպես զոհերի դեպքում, 3 միլիոն կտրամադրվի: Միանվագ աջակցությունը ողբերգական դեպքից հետո տուժած, հարազատին կորցրած անձանց սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով է՝ նշեց նիստը վարող փոխվարչապետը: Թեև օգոստոսի 14-ի պայթյունից արդեն ամսից ավելի է անցել, բայց երեկ «Սուրմալուում» ևս մեկ փլուզում եղավ, 3 քաղաքացի տուժեց:
«ՍՈՒՐՄԱԼՈՒԻ» ՓԼՈՒԶՈՒՄԻՑ ՏՈՒԺԵԼ Է ԵՐԵՔ ՔԱՂԱՔԱՑԻ
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այս պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով:
Եռահարկ կիսաքանդ շինության աջակողմյան պատը մասնակի փլուզվեց՝ ենթադրաբար, երեկվա ուժեղ քամու պատճառով՝ սա էլ զեկուցեց արտակարգ իրավիճակների փոխնախարարը: Փլատակներում երկու մեքենա է մնացել, ուղևորներ չեն եղել: Ըստ Արտյուշ Գրիգորյանի՝ այժմ տարածքը սահմանազատված է, մաքրման աշխատանքներ են իրականացվում: Քննարկմանը միացավ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, առաջարկեց քաղաքապետարանին՝ միջոցեր ձեռք առնել:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Այդ կառույցի հետ կապված՝ առաջարկում եմ շատ արագ քանդման թույլտվություն տրվի, և սեփականատիրոջ միջոցներով մաքրվի այդ տարածքը: Կամ քաղաքապետարանը կարող է նախաձեռնել, որից հետո սեփականատիրոջ միջոցներից դա կարող է փոխհատուցվել: Արագ պետք է մաքրել տարածքը:
Վտանգավոր շինությունը քանդելու հարցը նախօրեին քննարկել են ԱԻՆ նախարարի, Երևանի քաղաքապետի հետ՝ լրացրեց փոխվարչապետը:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Տեղյակ եմ, որ նաև քննարկումներ են ընթանում սեփականատիրոջ հետ, խնդրում եմ աշխատանքներին հետևողական լինել, որ սահմանազատված հատվածում նման այլ դեպք չարձանագրենք։
33 ԿՏՈՐ ՀՈՂԱՄԱՍ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԳԵՐԱԿԱ ՇԱՀ
Արագածոտնում ու Շիրակում էլ՝ 33 կտոր հողամաս գերակա շահ ճանաչվեց՝ այդ տարածքներով է անցնելու Հյուսիս-հարավի Թալին-Լանջիկ հատվածը: Ճանապարհային միջացքը կառուցելու համար սա պարբերաբար կատարվող գործընթաց է՝ զեկուցեց նախարար Սանոսյանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Հիմա ունենք այս հատվածում Հյուսիս-հարավ ճանապարհին մուտքերի որոշակի կարգավորումների կարիք և այդ հատվածներում գերակա շահ ճանաչելու անհրաժեշտություն:
Անդրադառնալով ճանապարհի ընդհանուր շինարարությանը՝ նախարարը հյուսիսից սկսեց եկավ հարավ: Բավրայից Գյումրի՝ նախագծերը կան, ֆինասական աղբյուրները դեռ պետք է որոշվեն: Գյումրի-Լանջիկի մի կողմը մինչև Հոռոմի խաչմերուկ ավարտուն է, պլանավորված է ևս 10 կմ ասֆալտապատել, մանրամասնեց Սանոսյանը: Լանջիկ- Թալինը երկկողմանի, գրեթե պատրաստ է, կահավորման աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Թալինից դեպի Աշտարակ էլ երկու կտոր է՝ 8 կմ-անոց հատվածի համար արդեն կա հաղթող, մոտ օրերս կսկսվեն շինաշխատանքները:
Գնել Սանոսյան - Հաջորդ հատվածը 34 կմ է, որը բոլորիս հայտնի դժվարանցանելի հատվածն է, հնարավորինս արագ կարգավորման կարիք ունի: Այդտեղ նույնպես մրցութային գործընթաց ունենք, մինչև հոկտեմբերի 6-ն է մրցոյթը, հիմա ունենք երկու խոշոր ընկերությունից դիմում որ չեն հասցնում հայտը պատարստեն, խնդրում են երկու շաբաթով երկարացնենք մրցույթի ժամանակահատվածը, կդիտարկենք, կնայենք, եթե բավարար փաստարկներ լինեն միգուցե երկարացնենք:
Աշտարակից-Երևան կտորն արդեն կառուցված է, մայրաքաղաքում էլ կան ավարտված հատվածներ, նաև շարունակվող շինարարություն: Երևանից հարավ՝ Արտաշատից Սիսիան, նախագիծ դեռ չկա, Սիսիան-Քաջարանի 60 կմ հատվածի մրցույթի առաջին փուլն էլ ամփոփվում է:
Գնել Սանոսյան - Այս հատվածում մինչև տարեվերջ ունենալ կամ եկող տարվա սկիզբ ունենսալ շինարարական ընկերություն, որը 2023-ին կիրականացնի շինարարություն: Դրանից հարավ ունենք քաջարանի թունելը, որտեղ տարբեր բանակցություններ կան տարբեր ֆինանսավորումների հետ կապված, հույս ունեմ առաջիկայում որոշակի եզրահանգման կգանք ու այդ փուլը կանցնենք և ունենք 32 կմ քաջարանից դեպի մեղրի, որը սպասում էինք բանկի փաստաթղթերի հաստատմանը, մոտ օրերս ստացել ենք առաջիկայում նույնպես մրցույթ կհայտարարենք
Երկրի հյուսիսը հարավին կապող ճանապարհային միջանցքի կարևորությունը նաև փոխվարչապետն ընդծեց.
Համբարձում Մաթևոսյան - Հյուսիս-հարավ ներդրումային ճանապարհաշինական աշխատանքը Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքներից մեկն է, որի արդյունքում մենք ունենալու ենք ճանապարհային նոր հոսք՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային: Այն նաև ուղիղ կերպով անդրադառնալու է մարզային և համայնքային սոցիալ-տնտեսական համաչափ և կայուն զարգացմանը:
Զեկուցվող երրորդ հարցն էր ճանապարհաշինական, բայց ավելի փոքր մասշտաբի: Նախորդ մրցույթներից մնացած ու խնայված գումարը վերաբաշխվեց, 1 մլրդ 325 մլն դրամը ուղղվեց 4 հատվածի՝ ընդհանուր 28 կմ-անոց ճաապարհների միջին նորոգման աշխատանքներին: Չզեկուցվողների փաթեթով էլ գործադիրը գումար հատկացրեց Գեղարքունիքում, Սյունիքում և Վայոց ձորում հրետակոծությունից տուժած, տեղահանված բնակիչներին օգնություն տրամադրելու համար: Առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու նպատակով այս երեք մարզի 6 համայնքին կհատկացվի 50-ական մլն դրամ: