Մոսկվայից Երևան օդային ճանապարհով հասնելը թանկ հաճույք է դարձել: Թեև այս ուղղությունով ներկայում 10-ից ավելի ավիաընկերություն է թռիչքներ իրականացնում, մասնակի զորահավաքի մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությունից հետո ժամերի ընթացքում տոմսերը սպառվեցին, ընդ որում՝ տասնապատիկ բարձր գնով:
Մարինե Ավետիսյան (տուրիստական ընկերության գործադիր տնօրեն) - Երբ որ մենք տեսնում ենք ինչ-որ արժեքներ աստղաբաշխական, որոնք կարող են հասնել 10 հազար դոլարի, 2500 դոլարին համարժեք դրամ, 3000, 4000, 5000, դա չի նշանակում, որ բորտի վրա առկա բոլոր ավիատոմսերը վաճառվել են հենց այդ արժեքով: Ընդամենը վերջին տոմսերը, որոնք որ միակն են, վաճառվում են աստղաբաշխական գներով:
Պահանջարկը ծնում է առաջարկ՝ այսպես են մասնագետները բացատրում ավիաշուկայում գնային թռիչքները: Ավիատոմսերի դեֆիցիտ է ոչ միայն Հայաստանի ուղղությամբ, այլև բոլոր այն երկրների, ուր Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են մուտք գործել առանց վիզայի, և ոչ միայն Մոսկվայից, այլև Ռուսաստանի մյուս խոշոր քաղաքներից: Հայկական ու արտասահմանյան ավիաընկերությունների կայքերում հիմա կամ տոմս չես կարող գնել, կամ պետք է պատրաստ լինես մեկ ուղղության համար մոտ 1 մլն դրամ վճարել: Ընդամենը օրեր առաջ նույն մեկ ուղղության տոմսի արժեքը 70-80 հազար դրամ էր:
Արման Նազարյան (տուրիստական ընկերության գլխավոր մենեջեր) - Եթե նայենք, օրինակ, Flyone-ի թռիչքները, ամսի 24-ի թռիչքը՝ «Վնուկովոյից» Երևան, արժե 2900 եվրո, բավականին սպառված կա, գրեթե տեղեր չկան, մնացել են վերջին տեղերը: Եկեք նայենք Red wings-ի գների տարբերակները՝ 2569 եվրո, 971 եվրո, սա հասել ենք արդեն 28 սեպտեմբեր, ամենաէժան տարբերակը արդեն 30-ին ա, փոքր-ինչ արդեն նվազում են, բայց եթե պահանջարկը շատանա, բնականաբար աճը կլինի, որովհետև ինքնին արդեն արհեստականորեն թանկացել են ավիատոմսերը:
«Յուտ էյր» ավիաընկերությունը սեպտեմբերի 28-ի համար միջինացված 1900 եվրո է պահանջում մեկ ուղղությամբ մեկ տոմսի համար: Հայկական ավիափոխադրողների պարագայում «Շիրակ ավիան», օրինակ՝ առաջին հասանելի տոմսն առաջարկում է հոկտեմբերի 4-ի համար, մոտ 500 եվրո: «Ֆլայ Առնան» Ռուսաստանից ուղևորներ կսկսի բերել վաղվանից, սեպտեմբերի 23-ի տոմսերը սպառված են ամբողջությամբ, իսկ առաջիկա մեկ շաբաթվա համար Մոսկվա-Երևան ուղղության մեկ տոմսը տատանվում է 1000-1500 եվրոյի սահմաններում:
Մարինե Ավետիսյան - Եթե մարդը ամեն դեպքում ունի ժամանակ և ունի հնարավորություն սպասելու մի քանի օր, հնարավոր է ավելի մատչելի տարբերակ գտնել: Պրոցեսը, իմ կարծիքով, քանի դեռ նոր օրենք դուրս չի եկել, դեռևս կշարունակվի` մինչև ամսվա վերջ:
Վերջին երկու օրերին տարբեր հարթակներում ևս մեկ թեզ էր շրջանառվում, թե մարդիկ կամ տուրիստական ընկերությունները մեծ քանակով տոմսեր են գնել և հիմա վերավաճառում են: Դա, մասնագետների պնդմամբ, գրեթե անհնար է:
Արման Նազարյան - Ավիաընկերությունում, երբ որ դու քո տոմսը դուրս ես գրում, նշում ես քո անձնագրային տվյալները, քո անուն, ազգանունը, դա փոխելը շատ բարդ գործընթաց է, որը գրեթե անհնար է: Ընդհանուր միջազգային կանոններով մինչև 3 նիշի սխալմունք թույլատրվում է, բայց նույնիսկ դրա հետ կարող ես խնդիր ունենալ:
Քանի որ ավիաընկերությունները կոմերցիոն կազմակերպություններ են` ազատ են գնային քաղաքականության հարցում և պետական որևէ մարմնի կողմից չեն վերահսկվում: Բայց դա չի նշանակում, որ վերջին օրերի թանկացումները Քաղավիացիայի կոմիտեում չեն նկատել:
Լիլիթ Աղաբեկյան (Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական) - Էս պահի դրությամբ չեղարկումներ չկան, բայց ունենք արդեն ընկերություններ` հայկական և ոչ հայկական, որոնք դիմել են հավելյալ չվերթերի համար: Էս պահին «Շիրակ ավիան» է, որը հայկական է, և «Ռեդ Վինգսը», որը ռուսական է, էդ երկու կամպանիան դիմել է, որ հավելյալ չվերթեր դնի:
«Լուրերին» չհաջողվեց կապ հաստատել և թանկացումների վերաբերյալ պարզաբանում ստանալ հենց ավիափոխադրողներից, զանգերն անպատասխան մնացին: Տարբեր հարթակներում տեղեկություններ էին շրջանառվում նաև ցամաքային ճանապարհի ծանրաբեռնվածության մասին, սակայն, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այս պահին Կազբեկ-Վերին Լարս անցակետը բնականոն աշխատում է, կուտակումներ չկան: