Հայաստանի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին րոպեներից զինված ուժերի բուժծառայության անձնակազմը բերվել է համար 1 պատրաստության:
Ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանն անընդհատ կապի մեջ է եղել առաջնագծից վիրավորներին դուրս բերող ու հենց սահմանին կյանք փրկող բժիշկների հետ:
Գեղամ Փաշիկյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ) - Բոլոր դեպքերում, երբ հնարավորություն է ստեղծվել հասնել վիրավորին, վիրավորը փրկվել է:
Վիրավոր զինծառայողները տարհանվել, ապա տեղափոխվել են կայազորային հոսպիտալներ ու քաղաքացիական հիվանդանոցներ, որտեղ ենթարկվել են առաջին վիրաբուժական մշակման, որոշ դեպքերում՝ նաև վիրահատվել: Ապա տեղափոխվել են Երևան:
Գեղամ Փաշիկյան - Բոլոր վիրավոր զինծառայողները ստանում են համապատասխան բժշկական օգնություն, բոլորի վիճակի մեջ դրական տեղաշարժ կա: Գերակշիռ մասն այս պահին թեթև ընթացքով է ընթանում: Ունենք նաև ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորներ, սակայն նրանց մոտ նույնպես կա դրական տեղաշարժ:
Մեծ մասը ստացել է բեկորային և ականապայթյունային վնասվածք: Վիրավորումները հիմնականում վերջույթների շրջանում են: 44-օրյայի համեմատ՝ կրծքավանդակի և գլխի հատվածի վիրավորումները քիչ են: Ըստ Փաշիկյանի՝ զրահաբաճկոնն ու սաղավարտը զինվորին պաշտպանել են թշնամու գնդակից:
Գեղամ Փաշիկյան - Մի մասն ունենալու է վերականգնողական բուժման կարիք, սակայն այս պահին շուտ է այդ մասին խոսելը: Թեթև վիրավորում ստացածների մասը դուրս է գրվել, վերականգնողական արձակուրդում է, որոշ մասը վերադարձել է շարք, մյուսների բուժումը շարունակվում է:
Հայրենիքի համար առողջությունը վտանգած զինծառայողները հաճախ տարհանվել են թշնամու չդադարող կրակի տակ: Բուժանձնակազմն ունեցել է կորուստներ. զոհվել է կին սանհրահանգիչ, բուժակը և սանիտար վարորդը վիրավորվել են: Մարտական գործողությունների ժամանակ թշնամին թիրախավորել և խոցել է սանիտարական մեքենաներ:
Գեղամ Փաշիկյան - Կին զինծառայողը՝ սանհրահանգիչը, որը զոհվել է, զոհվել է մարտական դիրքում վիրավորին բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ:
Գեղամ Փաշիկյանի խոսքով՝ եռօրյա ռազմական գործողությունների ընթացքում բժշկական պարագաների, դեղորայքի, սանիտարական ավտոմեքենաների խնդիր չի եղել: Տեղափոխել են շտապօգնության մեքենաներով, կիրառվել է նաև սանիտարական ավիացիան: Ամենօրյա աշխատանքի մի մասն է զինված ուժերի բժշկական ծառայության արդիականացումը՝ ախտորոշիչ, վիրաբուժական ու տարհանման ծառայությունների զարգացումը:
Բուժծառայության գնդապետը ներկայացնում է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակառուցման նախնական նախագիծը: Նախատեսվում է հզորացնել հոսպիտալի կարողությունները, ձեռք կբերվեն ժամանակակից բուժսարքավորումներ: Հիմնական շեշտը, Փաշիկյանի խոսքով՝ դրվելու է միջին օղակի բուժանձնակազմի կատարելագործման վրա:
Գեղամ Փաշիկյան - Բարելավվելու են ուսումնական կենտրոնի շենքային պայմանները, որտեղ պատրաստվում են սանհրահանգիչներ, բուժակներ, որոնք առաջինը վիրավորին հասնող անձնակազմի վարժվածությունը բարձրացնելու համար կձեռնարկվեն միջոցներ:
2023-ի արդիականացման ծրագրեր կան նաև կայազորային հոսպիտալների համար: Կվերանայվի բուժանձնակազմի ֆինանսական աջակցության չափը: Աշխատանքներ են տարվում նաև կադրերի պատրաստման ուղղությամբ՝ դիտարկելով նաև միջազգային լավագույն համալսարաններն ու գիտական կենտրոնները: Առաջիկա կարևոր խնդիրներից է լինելու վիրավորին տարհանելու մեկնած բուժանձնակազմի անվտանգության միջոցների ստեղծումը, որ հատուկ տարբերանշանով մեքենան ապահովագրված լինի թշնամու խոցումից: